13:44 | 20.04.17 | Նորություններ | 5383

«Մայքրոսոֆթ»-ի Office 365-ը կներդրվի ՀՀ դպրոցներում

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը եւ ՀՀ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում ՀՀ դպրոցներում կներդրվի Office 365 կրթական փաթեթը:

«Կտակը մշակում է հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգ, որը տարածվելու է ՀՀ բոլոր դպրոցներում: Վերջին 1 տարվա ընթացքում սերտորեն համագործակցում էինք Կտակի հետ: Այդ համագործակցության շրջանակում ծագեց գաղափարը, որ դպրոցներն այս համակարգը կարողանան ինտեգրել «Մայքրոսոֆթ»-ի Office 365 կրթական փաթեթին: Office 365-ի հենքի վրա լուծումը հասանելի կլինի բոլոր աշակերտներին եւ նրանց ծնողներին»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը:   

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն էլ հիշեցրել է, որ «Մայքրոսոֆթ»-ի հետ համագործակցությունը տեւական բնույթ է կրում:

«Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգը ցանկանում ենք համակցել Office 365-ին, ինչը բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն կտա ունենալ իրենց օգտահաշիվները եւ դրա միջոցով ստանալ հնարավորություն՝ օգտագործելու Office 365 լուծումները (էլփոստ, ամպային տարածք, Word, Excel, եւ այլն): Ուսուցիչներն իրենց օգտահաշիվներով կկարողանան միանգամից ստեղծել համապատասխան «դասարաններ» եւ Classroom Manager ծրագրի միջոցով անընդհատ կապի մեջ լինել աշակերտների հետ, տալ հանձնարարություններ, ստանալ  պատասխաններ, ստուգել նրանց աշխատանքները եւ այլն»,- նշել է  ԿՏԱԿ-ի տնօրենը:

Արտակ Պողոսյանը տեղեկացրել է, որ հուշագրի ստորագրմանը կհաջորդի ուսուցիչների վերապատրաստման եւ աշակերտների՝ ծրագրին ծանոթացնելու գործընթացը: