12:36 | 14.04.17 | Նորություններ | 9509

Microsoft-ը կաջակցի ՀՀ կրթական ծրագրերի մշակմանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի միջեւ այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության որակի բարելավման, կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաեւ նորարարությունների ներդրման նպատակով:

Հուշագիրը ստորագրել են նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԱՊՀ-ում Microsoft-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկին:

«Աշխարհը զարգանում է պատասխանատու, մեծ ընկերությունների ջանքերի շնորհիվ, որոնք հասկանում են, որ բացի բիզնեսից, ունեն նաեւ սոցիալական պատասխանատվության եւ դրա շրջագծում պարտավոր են միջավայր փոխել: Microsoft ընկերությունն այն կազմակերպություններից է, որը, օրինակ, Հայաստանում ավելի քան մեկ տասնամյակ շարունակում է հետեւողականորեն փոխել մեր կրթական միջավայրը՝ առաջարկելով նոր տեխնոլոգիական լուծումներ, համագործակցության նոր ձեւաչափեր: Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Microsoft ընկերության հայաստանյան թիմին՝ հետեւողական աջակցության եւ նոր նախաձեռնությունների համար: Սա բիզնես-պետություն համագործակցության լավ օրինակ կարող է լինել»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ ստորագրված հուշագրով շարունակվում է Microsoft-ի հետ համագործակցությունը:

Microsoft-ն ուսումնական գործընթացում կներդնի ծրագրային արտադրանքներ, տարբեր նախաձեռնությունների միջոցով կխրախուսի ուսուցիչների եւ աշակերտների ինքնակրթության ձգտումը եւ մասնակցությունը սեմինարներին, վերապատրաստումներին, կոնֆերանսներին եւ ուսուցիչների միջեւ փորձի փոխանակման ծրագրերին:

Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանն իր հերթին տեղեկացրել է, որ ընկերությունը կաջակցի նորարարական կրթական նախաձեռնությունների ռազմավարության մշակմանը եւ իրականացմանը:

Աջակցություն կստանան նաեւ այն ծրագրերը, որոնք միտված են ՏՀՏ-ի ներդրմանը կրթության ոլորտում: