10:49 | 13.04.17 | Նորություններ | 39193

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը ԱՄՆ-ում բրոնզե մեդալ է նվաճել

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում կայացած «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթում նվաճել է բրոնզե մեդալ՝ «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում:

«Նախորդ տարվա համեմատ՝ մրցույթին մասնակցող թիմերն ահագին զարգացում էին ապրել. բոլորն ավելի պատրաստված էին, ռոբոտներն էլ՝ ավելի կատարելագործված»,- նշել է ռոբոտաշինության խմբի առաջնորդ Սիմոն Զոհրաբյանը:

«Մենք ստեղծել էինք ռոբոտ, որի առաջադրանքն էր ոչնչացնել հակառակորդին: Եվ մեր ռոբոտը հեշտությամբ էր կատարում իր առաքելությունն ու վնասազերծում մյուսներին: Բայց ցավոք, ուշ պարզեցինք, որ մրցավարները միավորները հաշվում էին հարվածների քանակով, Այդ է պատճառը, որ արծաթ կամ ոսկի չշահեցինք»,- պատմել է «Այբ»-ի ռոբոտաշինության խմբի անդամ Արեգ Կարապետյանը:

Անցած տարի «Այբ»-ի թիմը National Robotics Challenge-ում արժանացել էր գլխավոր՝ Հոնդայի ինովացիոն մրցանակին եւ արծաթե մեդալի` «սումո ռոբոտ» անվանակարգում:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011-ից եւ հաղթանակներ է տարել մի շարք մրցույթներում՝ Հայաստանում եւ արտերկրում:

National Robotics Challenge մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986թ. եւ համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: