11:43 | 27.02.17 | Նորություններ | 11132

Zangi-ն կներկայացնի Հայաստանը Mobile World Congress-ում

Բարսելոնայում այսօր մեկնարկում է տարվա ամենախոշոր ՏՏ իրադարձություններից մեկը՝ Mobile World Congress-ը, որին կմասնակցի նաեւ հայկական ՏՏ պատվիրակությունը՝ նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` միջոցառման շրջանակում նախատեսվում են մի շարք կարեւոր հանդիպումներ։

«Հուսով եմ, որ հանդիպումները կլինեն արդյունավետ եւ դրական ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլեւ կնպաստեն ոլորտի զարգացմանն ու որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- ասել է նա:

Mobile World Congress-ում այս տարի իր տաղավարը կունենա նաեւ հայկական Zangi հավելվածը: Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշել է, որ միջոցառմանը մասնակցությունը նպատակ ունի ճանաչելի դարձնել ընկերության ապրանքանիշը միջազգային շուկայում: Որպես մյուս նպատակ՝ նա նշել է ուղիղ հաճախորդներ ձեռք բերելու հնարավորությունը:

«Ունենք տասնյակ կորպորատիվ հաճախորդներ։ Դրանք հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներ են 12 երկրից։ Առաջիկայում սպասվում է համագործակցություն հայաստանյան օպերատորներից որեւէ մեկի հետ»,- տեղեկացրել է Վահրամ Մարտիրոսյանը։

Zangi-ն ստեղծվել է 2013թ. եւ այսօր ունի ավելի քան 1 մլն բաժանորդ: Հավելվածը հնարավորություն է տալիս նույնիսկ շատ թույլ ինտերնետի դեպքում բարձրորակ վիդեո եւ աուդիո զանգեր իրականացնել, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով եւ տեսանյութերով: