12:53 | 19.01.17 | Նորություններ | 13117

Earlyone-ի մշակած լուծումը կիրառվում է ՀՀ մի շարք կառույցներում

Հայկական Earlyone ստարտափը, որի մշակած լուծումը հնարավորություն է տալիս բիզնեսներին կրճատել հաճախորդների սպասելու ժամանակը, արդեն աշխատում է հայաստանյան մի շարք բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, ինչպես նաեւ պետական հաստատություններում:

Անվճար հավելվածը, որը հասանելի է Android եւ iOS համակարգերի համար, ցանկացած վայրում՝ բանկերում, բջջային օպերատորների եւ այլ սպասարկման կենտրոններում, թույլ է տալիս հերթագրվել նախապես եւ սպասարկվել՝ առանց հերթում սպասելու:

Itel.am-ին Earlyone-ից տեղեկացրել են, որ շարժմանը միացել են Պրոմեթեյ Բանկը, Ինեկոբանկը, Հայէկոնոմբանկը, «Ֆինքա», «Կամուրջ» եւ «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունները, Onex-ը, ինչպես նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Earlyone-ում նշել են, որ եթե հաճախորդը չի գտնում նախընտրելի կազմակերպությունը ցանկում, ապա կարող է հավելվածի միջոցով առաջարկել ավելացնել այն կազմակերպությունները, որտեղ հերթ է կանգնում: Earlyone-ը հետագայում հաշվի կառնի այդ առաջարկները եւ կքննարկի դրանց իրականացման հնարավորությունը:

Հավելվածը ստեղծվել է LimeTech ընկերության կողմից: Վերջինս ի սկզբանե զբաղվում էր հերթերի կառավարման համակարգերի ծրագրային ապահովմամբ եւ ապարատային մասով:

«8 տարի հերթերը կառավարելուց եւ մի փոքր ավելի հարմարավետ դարձնելուց հետո հասկացանք, որ շատերն են կառավարում հերթերը, սակայն ոչ ոք չի վերացնում դրանք: Այսպիսով ստեղծվեց Earlyone բջջային հավելվածը, որը նպատակ ունի վերացնել հերթերում սպասելու անհրաժեշտությունը»,- նշել է ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը:

Եռալեզու ինտերֆեյս ունեցող Earlyone-ը սմարթֆոնում ներբեռնելուց հետո երեւում է կազմակերպությունների հիմնական ցանկը: Հարկավոր է ընտրել կազմակերպությունը, հետո մասնաճյուղը, անհրաժեշտ ծառայությունը, ապա օրն ու ժամն ամրագրել: Համակարգը կամ հաճախորդի նշած ժամի համար կտրոն է ստեղծում կամ մասնաճյուղի ծանրաբեռնվածության դեպքում առաջարկում է մոտակա ազատ ժամը: Կտրոնը ստեղծելուց հետո հաճախորդը ստանում է կտրոնի համարը եւ հաստատման քառանիշ կոդը:

Մասնաճյուղ տերմինալի վրա հարկավոր է հաստատել, որ հաճախորդը տեղում է՝ մուտքագրելով քառանիշ կոդը: Հաստատումից հետո հաճախորդը կստանա ֆիզիկական կտրոն, մյուս բոլոր սպասողների պես կկանչվի տեղեկատվական էկրանի միջոցով՝ սպասարկվելով ամրագրված ժամին:

Earlyone-ն անցած տարի ճանաչվել է լավագույն հայկական ստարտափ SeedStars եւ Eurassia Mobile Challenge հայաստանյան մրցույթներում եւ առաջիկայում կներկայացնի Հայաստանն այդ մրցույթների միջազգային փուլում: