11:16 | 10.01.17 | Նորություններ | 12392

Yahoo-ն կվերանվանվի Altaba

Yahoo-ի բարձրաստիճան ղեկավարները Verizon Communications-ի հետ գործարքի ավարտից հետո կլքեն ղեկավար պաշտոնները, իսկ ընկերությունը կվերանվանվի Altaba:

Պաշտոնը կթողնի նաեւ Yahoo-ի գործադիր տնօրեն Մարիսա Մեյերը, իսկ Altaba-ի նոր ղեկավար կնշանակվի Էրիկ Բրանդտը:

Մյուս կողմից, որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Altaba անվանումը կվերաբերի միայն հոլդինգային ընկերությանը, իսկ Yahoo բրենդը հնարավոր է` պահպանվի:

«Verizon-ը չի գնում ամբողջ Yahoo-ն, այլ բաժանում է ընկերությունը 2 մասի: Առաջինն այն Yahoo-ն է, որը նա գնում է եւ որտեղ ներառված է այն ամենը, ինչ մարդիկ կապում են որոնման համակարգի հետ: Երկրորդը հոլդինգային ընկերություն է՝ Altaba-ն: Ամենայն հավանականությամբ, Verizon-ին պատկանող ընկերությունում կշարունակի գործել Yahoo բրենդը եւ դրա հետ կապված մի շարք վեբ կայքեր»,- գրում է The Verge-ը:

Գործարքի ավարտից հետո Yahoo-ն կշարունակի տնօրինել Yahoo Japan-ի 35,5%, ինչպես նաեւ չինական Alibaba հարթակի 15% բաժնեմասերը:
 
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին ինտերնետ ծառայություններ մատակարարող ամերիկյան Verizon Communications-ը եւ Yahoo-ն հայտարարեցին, որ Yahoo-ն Verizon-ին կվաճառվի $4,83 մլրդ կանխիկ գումարով: Verizon-ը այն ժամանակ խոստացել էր պահել Yahoo բրենդը: