17:22 | 01.12.16 | Նորություններ | 11745

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Լոռու մարզում 20 ընտանիք բնակարան է ստացել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Լոռու մարզում 20 ընտանիք բնակարան է ստացել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հյուրընկալվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակվող Սուքիասյաններին:

«Հինգ տարի առաջ, երբ Վանաձորում էինք՝ երկրաշարժից տուժած 20 ընտանիքի բնակարան նվիրելու համար, ակնկալում էինք վագոն-տնակում մեծացող սերնդի տխուր, հուսահատված հայացքն աստիճանաբար փոխարինված տեսնել լուսավոր ժպիտով: Կոտրված հոգեբանությամբ մեծացող երեխան երկիր զարգացնելու բավականաչափ ներուժ չի կարող ունենալ: Հստակ պատկերացնելով իրավիճակը՝ ձգտեցինք իրականացնել մեկ այլ ծրագիր եւ օգտակար լինել նոր ընտանիքների: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում, մեզ հաջողվեց այս մարզում կրկնապատկել երջանիկ ընտանիքների թիվը: Ուզում եմ հավատալ, որ մետաղական վագոն-տնակում անցկացրած կյանքի դժվար պայմաններն այլեւս ստվերի նման չեն հետեւի հարազատ հողի վրա ամրանալ ձգտող ընտանիքներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: