11:25 | 29.11.16 | Հոդվածներ | exclusive 32190

Ubicross.com` առցանց խանութներ ստեղծելու հայկական հարթակ

Ինտերնետային խանութներից անկանխիկ եղանակով գնումներ կատարողների թիվը տարեցտարի աճում է, այն էլ` երկնիշ թվերով: Համացանցային խանութները թույլ են տալիս մեկ էկրանից հաճախորդներին առաջարկել տասնյակ հազարավոր ապրանքներ:

Իսկ ինչպե՞ս բացել օնլայն խանութ: Հայ ծրագրավորողների ստեղծած նոր կայքը` Ubicross.com-ը, թույլ է տալիս ստեղծել սեփական առցանց խանութն ու ներկայացնել մինչեւ 50 000 անուն ապրանք: Itel.am-ը զրուցել է համակարգի համահիմնադիրներ Նարեկ Ավետիսյանի եւ Իլարիոն Բեկչյանի հետ:

Գնի մասին

Նարեկ Ավետիսյանի խոսքով` Ubicross-ը ստեղծելու միտքն ընկերներով վաղուց են ունեցել, բայց աշխատանքները սկսել են մեկ տարի առաջ:

«Փոքր ու միջին բիզնես ունեցողների համար մեր ստեղծած հարթակը հարմար է նախ գնի առումով: Ամսավճարը սկսվում է ամսական 9 դոլարից: Անհատական կոմերցիոն կայք պատվիրելու համար 200-400 հազ. դրամ է պահանջվում հայաստանյան գներով: Տարբերությունն ակնհայտ է: Գրանցվելով Ubicross-ում` օգտատերը կարող է օգտվել մեր առաջարկած մի քանի template-ներից ու իր ձեռքով կառուցել իր կայքը»,- ասում է Նարեկը:


Գործիքների մասին

Համակարգը թույլ է տալիս օգտվել տասնյակ հնարավորություններից, որոնք նպաստում են վաճառքների ավելացմանը: Ըստ Իլարիոն Բեկչյանի` ներկառուցված հնարավորությունները շատ են ու օգտակար՝ կիրառելու դեպքում:

«Մենք առաջարկում ենք SEO ֆունկցիաներ, անվճար հոսթինգ, կայքը բազմալեզու դարձնելու հնարավորություն, ադապտիվ դիզայն, ինտեգրացիա սոցցանցերի հետ, վիճակագրություն, բլոգ, խորհրդատվություն եւ շատ այլ գործիքներ: Այն նաեւ ինտեգրացված է MobiDram, Telcell, Arca համակարգերի հետ եւ թույլ է տալիս հարմար եւ անվտանգ գնումներ կատարել: Տրամադրում ենք նաեւ 14-օրյա անվճար փորձաշրջան` համակարգի հնարավորություններին ծանոթանալու համար»,- պատմում է Իլարիոնը:

Մրցակիցները

Ubicross.com-ն իր բազմաթիվ անալոգներն ունի: Առավելություններն ու տարբերությունները, ըստ Նարեկ Ավետիսյանի, շատ են:

«Մենք առաջինն ենք, որ հնարավորություն ընձեռեցինք հենց հայերենով ստեղծել ինտերնետ-խանութներ: Կառավարման պանելը (admin panel) նույնպես հայերեն է: Մեր առաջարկած սակագներն էլ, համեմատած այլ գործիքների հետ, (www.bigcommerce.com, www.insales.ru, www.shopify.com) բավական ցածր են: Բացի այդ` արտասահմանյան հարթակներից որոշները գումար են պահանջում նաեւ վաճառքներից»,- ասում է Նարեկը:

***

Ամիսներ առաջ գործարկված համակարգով արդեն մի շարք խանութներ են ստեղծվել, որոնք առաջարկում են շինարարական ապրանքներ, քեյթերինգ ու նվերներ:

Սուրեն Ստեփանյան