11:38 | 28.11.16 | Նորություններ | 3507

TEDxYouth@Gyumri-ն միավորել է շուրջ 250 դպրոցականի

Նոյեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրիի Հայորդյաց տանը «Երազանքների վերածնունդ» խորագրի ներքո կայացել է Հայաստանում 3-րդ TEDxYouth միջոցառումը։

Միջոցառմանը, որին մասնակցել է ավելի քան 250 դպրոցական եւ պատանի Հայաստանի տարբեր մարզերից, պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից եւ առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:

TEDxYouth-ի ընթացքում տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրմանը զուգահեռ ելույթ է ունեցել 17-25 տարեկան 12 բանախոս, որոնք խոսել են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին:

TEDxYouth@Gyumri միջոցառման գլխավոր գործընկերը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունն է։ Միջոցառմանը աջակցել են Dasaran կրթական ծրագիրը եւ Գյումրիի Հայորդյաց տունը:

«Վորլդ Վիժնն աջակցում է համայնքների երիտասարդների մասնակցությանը TEDx-ին, քանի որ այն մի փորձառություն է, որը կարող է երեխաների եւ երիտասարդների կյանքում բեկումնային լինել։ TEDx խոսնակները իրենց ձայնը լսելի են դարձնում հասակակիցներին եւ մեծահասակներին` միջոցառման մասնակիցներին խրախուսելով քայլեր ձեռնարկել եւ ձգտել դրական փոփոխության»,- նշել է Վորլդ Վիժն Հայաստանի երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանը։

«TEDx-ի նախապատրաստական փուլին մասնակցելուց առաջ մտքովս չէր անցնի անգամ, որ կկարողանամ ելույթ ունենալ նույնիսկ դասընկերներիս առաջ, իսկ ես դա արեցի այս մեծ բեմից, ոգեւորությունս հաղթեց հուզմունքիս»,- ասել է Տավուշի մարզի Չինչին գյուղից Տաթեւիկը։

«Այս միջոցառումը հատկապես սիրեցի նրա համար, որովհետեւ այստեղ հնչեց իմ միտքը, իմ կարծիքը, ոչ թե նախապես ինչ-որ մեկի կողմից պատրաստված խոսքը»,-ընդգծել է Մանեն, որի ելույթը ինքնագնահատականի մասին էր:

TEDxYouth@Gyumri-ն Երեւանից դուրս անցկացվող արդեն երրորդ երիտասարդական TEDx-ն է։ Նախորդ միջոցառումները՝ TEDxYouth@Sisian եւ TEDxYouth@Stepanavan, տեղի են ունեցել 2014 եւ 2015 թթ.։ Հայաստանի մարզերում մինչ այժմ կազմակերպված TEDxYouth միջոցառումները կազմակերպվել են Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ։