12:10 | 18.11.16 | Նորություններ | exclusive 13815

Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն ֆորումը

Այսօր Դիլիջանում մեկնարկել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը՝ «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով:

Ինչպես Դիլիջանից հայտնում է Itel.am-ի թղթակիցը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը ողջունել է ֆորումի մասնակիցներին՝ նշելով, որ ներկա են տեխնոլոգիական, կրթական եւ բիզնես ոլորտի, ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների 150-ից ավելի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ խոսնակներ աշխարհի 6 երկրներից:

«Այսօր ՀՀ-ն աշխարհի ամենանորարար երկրների վարկանիշում 60-րդն է: Պետք է այնպես անել, որ արդեն 2018-ին Հայաստանը տեղ գտնի ամենանորարար երկրների լավագույն 20-ում: Տեսնելով այն պոտենցիալն ու տաղանդը, որն առկա է Հայաստանում, պետք է դա ուղղակի հավաքենք ու, դարձնելով պրոդուկտ, զարգացնենք»,- ընդգծել է նա:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է, որ Հայաստանում ինովացիոն տնտեսության ձեւավորման տեսանկյունից մեծապես կարեւորվում է ՏՏ ոլորտի հետագա զարգացումը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ համաժողովի զարգացումն ու արդյունքները կնպաստեն ՀՀ-ում ինովացիոն տնտեսության զարգացմանը:

«Սա կարեւոր հարթակ է, որտեղ կարող ենք քննարկել եւ կիսվել կատարված այն աշխատանքներով, որոնք արվում են Հայաստանում եւ արտերկրում: Այսօր ավանդական բիզնեսն էլ է ենթարկվում փոփոխությունների, փոփոխվում են բիզնես մոդելները: Այնպես որ նորարարությունների կարիքը բիզնեսում ակնհայտ է: Այսօր կան ընկերություններ, որ սկսում են փոքր ծավալներից եւ փոքր շուկայից եւ կարճ ժամանակում հասնում մեծ հաջողությունների: Իսկ Հայաստանի համար, որը փակ սահմաններով երկիր է, հարկավոր է օգտագործել տեխնոլոգիաները եւ կարճ ժամկետներում հասնել նկատելի արդյունքների»,- ասել է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:  

Ֆորումի հիմնական թեմաներն են՝
-    Նորարարական ապրանքներ եւ ծառայություններ,
-    Բիզնես պրոցեսների զարգացում ինովացիաների միջոցով,
-    Գիտելիքներ նորարարության եւ զարգացման համար,
-    Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն:

Երկօրյա ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում: Այն բացառիկ հարթակ է, որտեղ մասնագետների թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների եւ շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաեւ կմշակվի օրակարգ՝ 2018թ. Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման  դաշնային նախարարության  ֆինանսավորմամբ եւ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: