15:02 | 16.11.16 | Նորություններ | 6302

Հայկական պատվիրակությունը պատմել է GITI-2016-ի հաղթանակների մասին

Նոյեմբերի 10-11-ին Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման շրջանակում հայաստանյան պատվիրակությունը հաղթող է ճանաչվել միանգամից 6 անվանակարգում:

«Ֆորումին մասնակցող հայկական պատվիրակության կազմում ներառված էր 26 մասնավոր եւ պետական կառույցների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների 35 ներկայացուցիչ: Վրաստանում էլեկտրոնային կառավարումը պետական հատվածում բավական զարգացած է, եւ այն, որ Հայաստանը պետական հատվածում երեք մրցանակ է շահել, վկայում է, որ էլեկտրոնային կառավարման պետական հատվածն արագ զարգանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հայկական պատվիրակության ղեկավար եւ Արմիքս հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը:

Հաղթողները եւս կիսվել են տպավորություններով:

- Լավագույն ՏՏ ծրագրի առաջարկ՝ ԷԿԵՆԳ, Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծ

Արթուր Թունյանը նշել է, որ էլեկտրոնային առողջապահության ծրագիրը մեկնարկել են տարիներ առաջ եւ ներկայում արդեն ունեն տեխնիկական լուծում, որն առաջիկայում ներդրվելու է Հայաստանում:

«Ծրագիրը յուրահատուկ է, քանի որ տարածաշրջանում որեւէ երկիր նման ծրագիր դեռեւս չունի: Եթե հաջողվի առաջիկա մեկ տարում ծրագիրը գործարկել, ապա դա կլինի էլեկտրոնային կառավարման առումով լուրջ ներդրում: Առողջապահության ոլորտում սա կբերի լուրջ փոփոխություններ, հոսքերը կդառնան ավելի թափանցիկ, բժշկական պատմությունները՝ ավելի հասանելի, ֆինանսական կորուստների եւ բժշկական սխալի հետ կապված ռիսկերն էլ էապես կնվազեն: Ծրագիրն իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ գրանցված են լինելու ՀՀ բոլոր բժիշկները, եւ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է իր էջը, որտեղ կատարվելու են գրառումներ, էլեկտրոնային բժշկական քարտի վարում: Ներկայում առողջապահության նախարարության հետ լուրջ քայլեր ենք իրականացնում լուծումն առողջապահության համակարգում ներդնելու համար»,- նշել է նա:

- Գործարար գործընթացները խթանող ամենահաջող ՏՏ նորարարական լուծում՝ ՀՀ ՊԵԿ, B2B, B2G համալիր համակարգ

Տիգրան Տիգրանյանը նշել է, որ սա իրենց երկրորդ մրցանակն է GITI-ում:

«Այս անգամ ներկայացրել էինք նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների էլեկտրոնային կառավարման համակարգ, որը վաղուց արդեն կիրառվում է ՀՀ-ում: Վերջին տարում ավելացել է նաեւ սարքի միջոցով անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորությունը: Մեր անվանակարգերում մրցակցությունը բավական բարձր էր: Պատրաստվում ենք առաջիկայում նորանոր գործիքներ մշակել բիզնեսի համար»,- ասել է նա:

- Համայնքային կառավարման լավագույն էլեկտրոնային համակարգ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ

Գրիշա Խաչատրյանը պատմել է, որ համակարգը գործում է 2009-ից եւ ներդրված է ՀՀ շուրջ 590 համայնքներում:

«Այն ապահովում է ՏԻՄ-երի եւ աշխատակազմերի աշխատանքի արդյունավետությունը, իրավաբանական անձանց տալիս է հնարավորություն՝ օգտվելու բազմաթիվ առցանց ծառայություններից: Համակարգն ինտեգրված է պետական էլեկտրոնային կառավարման այլ համակարգերի եւս, որի միջոցով իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը: ՏԻՄ հանրությունը կարող է համակարգի միջոցով շփվել միմյանց հետ, քննարկումներ կազմակերպել»,- ընդգծել է նա:

- Լավագույն տեղեկատվական/կիբերանվտանգության լուծում՝ ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

Ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը նշել է, որ մրցանակաբաշխությանը ներկայացրել են հաջորդ սերնդի անվտանգության այնպիսի համակարգ, որը նախագծված է կանխելու վեբ կայքի վրա ուղղված հարձակումները՝ ապահովելով կայքի անխափան եւ կայուն աշխատանքը:

«Այն ընդունակ է պաշտպանել այնպիսի վեբ-ծրագրեր, որոնք ունեն բարձր աստիճանի խոցելիություն՝ պաշտպանելով պատվիրատուի հեղինակությունը, առցանց գործարքներն ու գաղտնի թվային տվյալները: Սա ամբողջովին նոր լուծում է: Ի դեպ, մեր գործունեության հինգ տարիների ընթացքում սա մեր հինգերորդ միջազգային մրցանակն է, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքը գնահատվում է»,- նշել է Սամվել Գեւորգյանը:

- Լավագույն Մուլտիմեդիա/Մոբայլ նախագիծ՝ Arloopa

Ընկերություն տնօրեն Արման Աթոյանը պատմել է, որ ներկայացրել են նոր լուծում՝ interiAR:

«Այն թույլ է տալիս գնումներ կատարել լրացված իրականության հարթությունում: Օրինակ, եթե ցանկանում եք գնել բազմոց, ապա դա հավելվածի միջոցով կարող եք տեղադրել ձեր բնակարանում եւ տեսնել՝ արդյոք սազո՞ւմ է ինտերիերին: Հավելվածն այս պահին բետա տարբերակում է, եւ բանակցում ենք տարբեր բրենդների հետ, որպեսզի նրանց պրոդուկտները 3D տարբերակով տեղ գտնեն հավելվածում»,- նշել է Արման Աթոյանը:

- ՏՏ Կրթության լավագույն մատուցող՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր ԱՐՄԱԹ

ԻՏՁՄ ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը պատմել է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արդեն գործում են Հայաստանի (ներառյալ Արցախի) 162 դպրոցներում:

«Այսօր «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներում ընդգրկված են 3000-ից ավելի դպրոցականներ, որոնք ձեռք են բերում ինժեներական եւ ծրագրավորման գիտելիքներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների, ներկայացնում իրենց ստեղծած տեխնոլոգիական լուծումները տարբեր ցուցահանդեսների ժամանակ: «Արմաթ»-ը մրցանակի էր արժանացել նաեւ հոկտեմբերին՝ Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» անվանակարգում»,- նշել է նա:

Ֆորումի մասնակիցներից կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշել է, որ պետական կառավարումը Հայաստանում աստիճանաբար մտնում է թվային դաշտ:

«Սակայն այստեղ կա երկու խնդիր: Առաջինն այն է, որ պետական համակարգն առաջարկում է բազմաթիվ լուծումներ, որոնցից մարդիկ չեն օգտվում: Մարդիկ պարզապես տեղյակ չեն, եւ պետք է ավելի ինֆորմացվեն, որպեսզի դա դառնա ոչ թե յուրահատուկ մի բան, այլ առօրյայում օգտվելու գործիք: Երկրորդ խնդիրն այն է, որ պետական էլեկտրոնային կառավարման համակարգն անհամաչափ է զարգանում՝ ըստ ոլորտների»,- նշել է փորձագետը: