12:44 | 20.10.16 | Նորություններ | 12801

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ՀՀ-ում միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի անցկացմանը

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում կայացել է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 11-րդ օլիմպիադան:

Այն կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը օլիմպիադայի ինֆորմացիոն հովանավորն է: 2010թ. ստանձնելով օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ տարվա ընթացքում տրամադրել է ավելի քան 59.200.000 դրամ՝ ծրագրի իրականացման նպատակով:

«Նպատակների եւ անելիքների մեր ցանկում պետք է առանձնացնել առնվազն մեկ առաջնահերթ խնդիր՝ աջակցությունը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող երկարաժամկետ ծրագրերին: Միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտների զարգացումը պետք է լինի ներդրումների առաջնային թիրախ: Ավելին, այս ոլորտներում երկարաժամկետ սոցիալական ներդրումների բացակայությունը կարող է հույժ բացասական ազդեցություն ունենալ երկրի ապագայի վրա: Վերոնշյալ ոլորտներում սոցիալական ներդրումները նախեւառաջ կնպաստեն մրցակցային առավելության ձեւավորմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական աճին, կօգնի կանխել «ուղեղների արտահոսքը» եւ, վերջապես՝ կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը թե՛ երկրի սահմաններից դուրս, եւ թե՛ նրա ներսում՝ ամրապնդելով ժողովրդի հավատը երկրի ապագայի նկատմամբ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: