11:08 | 05.09.16 | Հոդվածներ | exclusive 27184

Pokémon Go-ն եւ Հայաստանը

Niantic ընկերության ստեղծած Pokémon Go խաղը կարելի է համարել այս ամառվա ամենահայտնի եւ քննարկված խաղը:

Հուլիսի 6-ին գործարկված խաղը հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար։ Թողարկումից ընդամենը մեկ շաբաթ անց այն մեծ ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում՝ Pokémon ապրանքանիշի սեփականատեր հանդիսացող Nintendo ընկերությունը «թանկացնելով» $8 մլրդ-ով:

Pokémon Go-ի հիմքում ճանապարհորդությունն է՝ պոկեմոններ որսալու նպատակով: Խաղը խրախուսում է տանից դուրս գալը եւ այլ խաղացողների հետ շփումը։

Itel.am-ը խաղի հայաստանյան հեռանկարների շուրջ զրուցել է PokemonGO Armenia էջի ադմինիստրատոր Նարեկ Թամազյանի հետ:


Նրա խոսքով՝ խաղը Հայաստանում կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել, սակայն այս պահին այն մեր երկրում պաշտոնապես ներկայացված չէ, հետեւաբար՝ ուղիղ ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից հնարավոր չէ:

«Եթե խաղը ունենա մեծ պահանջարկ, եւ PokemonGO Armenia էջն ունենա ավելի շատ հետեւորդներ, ապա մենք կկարողանանք պաշտոնապես դիմել խաղը մշակող ընկերությանը՝ այն Հայաստանում պաշտոնապես գործարկելու առաջարկով»,- ասել է Նարեկ Թամազյանը:

PokemonGO Armenia էջի ադմինիստրատորը տեղեկացրել է, որ Հայաստանում այսօր շատերն այլ կայքերից են խաղը ներբեռնում:


«Սա վտանգավոր է, քանի որ կասկածելի կայքերից ներբեռնումը կարող է հանգեցնել սմարթֆոնում վիրուսների առաջացման: Ինքս խաղը ներբեռնել եմ ռուսական կայքերից մեկից, քանի որ դեռ գոյություն չունի հայկական կայք, որտեղից կարելի է ներբեռնել: Եթե, այնուամենայնիվ, որոշում եք որեւէ կայքից ներբեռնել, ապա ուշադրություն դարձրեք կայքին եւ նրան, թե ինչ են գրում մեկնաբանություններում»,- ընդգծել է Նարեկ Թամազյանը:


Խոսելով Pokémon Go-ի առանձնահատկությունների մասին՝ նա նշել է, որ խաղը տարբերվում է մյուսներից նրանով, որ ստիպում է տանից դուրս գալ եւ շարժվել, ծանոթանալ քաղաքին:

Որպես խաղի բացասական կողմ՝ Նարեկ Թամազյանն առանձնացրել է այն, որ մարդիկ դրսում, խորանալով խաղի մեջ, կորցնում են զգոնությունը, ինչը երբեմն միջադեպերի պատճառ է դառնում: Եւս երկու բացասական գիծ՝ խաղը հազվադեպ է թարմացումներ անում, ուստի խաղացողից պահանջվում է ավելի հզոր սմարթֆոն ունենալ:


Նարինե Դանեղյան