12:33 | 26.08.16 | Հոդվածներ | exclusive 11253

iOS 10-ի նոր հնարավորությունները՝ մեկ տեղում

Apple-ը վերջերս գործարկել է iOS 10 օպերացիոն համակարգի Public Beta տարբերակը iPhone-ի, iPad-ի եւ iPod touch-ի համար: Սա թույլ կտա հայտնաբերել թերություններն ու շտկել դրանք՝ սեպտեմբերին նախատեսվող պաշտոնական գործարկումից առաջ:  

Apple-ի նորությունները փորձարկելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ եւ հետեւել հրահանգներին: iOS 10 Public Beta-ն հասանելի է iPhone-ի համար՝ սկսած 5-րդ սերնդից, iPad-ի համար՝ սկսած iPad mini 2-ից, ինչպես նաեւ iPod touch-ի 6-րդ սերնդի համար:

Հունիսի կեսին, ներկայացնելով ծրագրային ապահովման թարմացումը, Apple-ի փոխտնօրեն Քրեյգ Ֆեդերիգին այն անվանել է iOS-ի՝ երբեւէ եղած ամենամեծ թարմացումը: Մի քանի օր շարունակ օգտագործելով ծրագրային ապահովման նախնական տարբերակը՝ Itel.am-ը կիսվում է տպավորություններով:

Փոփոխություններ՝ հենց առաջին էջից


Ամենամեծ փոփոխությունը Apple-ը սկսել է հենց առաջին էջից: Ապակոդավորելու համար էկրանը դեպի աջ սահեցնելու մեթոդն արդեն անցյալում է: Հարկավոր է միայն սեղմել HOME կոճակը եւ ապակոդավորել: Դեպի ձախ սահեցնելու դեպքում բացվում է տեսախցիկը, դեպի աջ՝ ծանուցումների պատուհանը:

Ծանուցումների եւ կարգավորումների նոր ինտերֆեյս


Լուրջ փոփոխությունների է ենթարկվել նաեւ ծանուցումների եւ կարգավորումների դաշտերի դիզայնը: Այժմ դրանք ավելի մեծ եւ տեսանելի են՝ հեշտ օգտագործման համար: Իսկ դեպի աջ սահեցնելու դեպքում կարելի է ծանուցումների ավելի շատ գործիքներ ավելացնել՝ եղանակ, քարտեզներ, օրացույց ու նույնիսկ լուսանկարներ:  

Նոր հնարավորություններ՝ շփման համար


Մի քանի նոր հնարավորություն է ավելացել հաղորդագրությունների բաժնում: Կարելի է պատկերային, ձայնային կամ տեսա հաղորդագրություններ ուղարկել, տեքստեր գրել ու նույնիսկ տեսագրության վրա էֆեկտներ ավելացնել: iМessage համակարգն այսուհետ ճանաչում է նաեւ հղումներն ու դրանց ավելացնում համապատասխան լուսանկարներ:

Լուսանկարների դասակարգման նոր հնարավորություններ էլ կան: Արհեստական բանականությունը կարողանում է դասակարգել լուսանկարները ոչ միայն ըստ օրերի, այլեւ ըստ իրադարձությունների՝ ճանաչելով ու մի տեղ հավաքելով նույն բնույթի նկարները: Կարելի է, օրինակ, Family կամ Birthday անվանումով թղթապանակ ստեղծել, եւ հեռախոսն ինքնուրույն կհավաքի նկարները: Իսկ ներդրված Memories ֆունկցիան համադրում է որոշակի ժամանակահատվածի լուսանկարներն ու տեսանյութերը՝ հոլովակ պատրաստելով: Այն կարող եք նաեւ մոնտաժել ինքներդ:

Siri-ն այլեւս նախկինը չէ


Երեւում է, որ Apple-ի ծրագրավորողները մեծ աշխատանք են կատարել Siri համակարգը զարգացնելու համար: Ավելացել են նրա կողմից կատարվող հնարավոր գործողությունները: Կարելի է, օրինակ, խնդրել գտնել New York Times-ի վերջին հոդվածները որեւէ բանալի բառով կամ կարդալ վերջին հաղորդագրությունները:
Siri-ի ընձեռած նոր հնարավորությունները թվարկածից շատ ավելի են, ուստի դրանց լիովին կարող եք ծանոթանալ միայն ամենօրյա օգտագործման ընթացքում:

Քարտեզներ-Երաժշտություն-Զարթուցիչ


Բարելավվել է Maps հավելվածը: Այժմ կարելի է նոր վայրեր նշել, ստանալ ուղղություններ ու տեղեկություններ խցանումների, մոտակա լցակայանների եւ այլնի մասին:

Music հավելվածը ենթարկվել է դիզայնի փոփոխությունների, սակայն, մեր դիտարկմամբ, նախորդ տարբերակն ավելի հարմար էր օգտագործման համար:

Ստանդարտ զարթուցիչին ավելացած Bedtime գործառույթը թույլ է տալիս կարգավորել քնի համար նախատեսված ժամանակահատվածը. հեռախոսն ինքնուրույն հաշվարկում է, թե երբ սպառվեց ձեր, օրինակ, 8-ժամյա հանգիստն ու երբ է պետք քնել: Այն ուղարկում է նաեւ համապատասխան ծանուցումներ:

Մի քանի օգտակար փոփոխությունների է ենթարկվել նաեւ 3D Touch ֆունկցիան. այժմ մեկ հպմամբ կարող եք ավելի շատ գործողություններ կատարել ու պատուհաններ տեսնել:

Սրանք, իհարկե, iOS 10-ի բոլոր նորությունները չէին: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Apple-ի պաշտոնական կայքում:  

Սուրեն Ստեփանյան