10:00 | 27.07.16 | Նորություններ | 8466

Ucom-ի աջակցությամբ անցկացվող տեխնո ճամբարի 2-րդ փուլն ավարտվել է

Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ փուլը, որին մասնակցել են 9-13 տարեկան դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից:

Այն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom ընկերության եւ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ երկու հոսքով եւ ընդհանուր թվով 600 դպրոցականների համար:

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները: Առաջին տեղը զբաղեցրել են Իջեւանի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները: Երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Տավուշի մարզի Կոթի եւ Բերքաբեր գյուղերի ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները:

Ամառային տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ստեղծել են նաեւ եռաչափ (3D) տպիչներ, որոնք ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների անունից նվիրել են Շուշիի, Վանքի եւ Ճարտարի դպրոցներին:

Խոսելով մասնակիցների տեխնոլոգիական կրթության մասին՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «20 տարի անց այս երեխաներն են ղեկավարելու այս երկիրը եւ առաջնորդելու են մեզ, մշակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նորագույն ուղղություններ։ Իսկ այսօր մենք հպարտորեն կանգնած ենք իրենց տեխնոլոգիական կրթության հիմքում»:

«Շատ հպարտ եմ, որ կանգնած եմ Հայաստանի ապագա առաջնորդների առջեւ եւ համոզված եմ, որ տարիներ անց դուք եք կազմակերպելու հայրենաճանաչության, ռոբոտաշինության եւ այլ դասընթացներ ապաագա դպրոցականների համար: Հպարտ եմ նաեւ, որ մեր աշխատանքը շարունակական է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկիրը լինելու է հզոր, անպարտելի եւ օրինակելի»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: