08:43 | 21.07.16 | Նորություններ | 3101

«Կասպերսկի»-ն ՀՀ-ում տեղեկատվական անվտանգության մասնագետներ կպատրաստի

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ուսանողների եւ դիմորդների համար համատեղ բացում են մագիստրատուրայի «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական եւ ծրագրային ապահովում» նոր ծրագիրը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ում նշել են, որ տեղեկատվական անվտանգության բնագավառի մագիստրոսների պատրաստումը ենթադրում է ուսման երկամյա առկա ձեւաչափ եւ կմեկնարկի 2016 թ. սեպտեմբերի 1-ին։

Ընկերության մասնագետները կդասավանդեն մի շարք մասնագիտական առարկաներ։
Մագիստրատուրայի բացման մասին պաշտոնապես հայտարարվեց «Կասպերսկի Լաբորատորիա»-ի եւ համալսարանի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման շրջանակում։

Անձնական հանդիպման ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին եւ ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել են կազմակերպությունների միջեւ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելու եւ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու մտադրություն։ Բացի այդ, ՀՌՀ ռեկտորը Եվգենի Կասպերսկուն պաշտոնապես շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

«Նոր ուսումնական տարվա սկզբից  հասանելի կլինի նոր մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակում մենք կկարողանանք պատրաստել տեղեկատվության պաշտպանության բնագավառի մասնագետներ։ Դա շատ կարեւոր իրադարձություն է ոչ միայն համալսարանի, այլեւ երկրի համար, քանի որ հայկական ընկերություններն այսօր ունեն տեղեկատվական անվտանգության  մասնագետների սուր պակաս»,- հայտարարել է ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը։ 

Եվգենի Կասպերսկին, իր հերթին, նշել է, որ կիբեռսպառնալիքները մշտապես էվոլյուցիա են ապրում՝ դառնալով ավելի բարդ, թաքնված եւ վտանգավոր.

«Մեր ասպարեզի գլոբալ խնդիրներից մեկը որակյալ մասնագետների սակավությունն է. նրանց պակասն զգացվում է ամբողջ աշխարհում։ Հենց այդ պատճառով մենք շատ ենք կարեւորում այդ ոլորտի կրթական ծրագրերին աջակցությունը։ Մենք մեծ հույսեր ունենք, որ արդեն շատ շուտով նոր մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կսկսեն ակտիվորեն փրկել աշխարհը կիբերսպառնալիքներից։ Այս ոլորտում աշխատանքն անսպառ է»,- նշել է Եվգենի Կասպերսկին: