11:41 | 29.06.16 | Նորություններ | 4953

«Ռոստելեկոմ»-ը գործարկել է «Ռադիո» հավելվածը

«Ռոստելեկոմ» Հայաստանի կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ նվիրված ռադիոյի հեռարձակման ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին։

Մասնավորապես, առաջին անգամ ներկայացվել է «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության «Ռադիո» հավելվածը, որի միջոցով հեռարձակվում են 16 հայկական ռադիոկայաններ։

«Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներից ու նորույթներից անմասն չեն նաեւ հայաստանյան սպառողները։ «Ռոստելեկոմ»-ը, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը եւ իրականացնելով հետազոտություններ, սպառողական շուկայում շարունակում է ներկայացնել ողջ աշխարհում լայն տարածում ստացած տեխնոլոգիական նորույթները։ Մասնավորապես, այսօր հանրության եւ մասնագետների ուշադրությանն ենք ներկայացրել մեր Սմարթ հեռուստատեսության հավելվածներից մեկը՝ «Ռադիո»-ն, որը միակն է Հայաստանում։ Փաստորեն, «Ռոստելեկոմն» իր բաժանորդներին հնարավորություն է տալիս ունկնդրելու սիրելի հաղորդումներն ու երաժշտական կատարումներն անմիջապես հեռուստաէկրանից՝ անգամ հեռավոր մարզերում»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հավելվածը մշակվել է հայ ՏՏ մասնագետների կողմից եւ նպատակ ունի ռադիոկայանների հեռարձակումն ավելի հասանելի դարձնել ընկերության բաժանորդներին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։