13:11 | 28.06.16 | Նորություններ | 6939

Ucom-ի աջակցությամբ Շիրակում եւ Արագածոտնում բացվել են «Արմաթ» լաբորատորիաներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ եւ Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-24-ը «Արմաթ» 12 ինժեներական լաբորատորիաներ են բացվել Շիրակի եւ Արագածոտնի մարզերում:

«Ապագայի ալգորիթմը» կարգախոսի ներքո իրականացվող այս նախագիծը հնարավորություն է տալիս գործնականորեն աջակցելու Հայաստանի եւ համաշխարհային շուկայում որակյալ ՏՏ մասնագետների ինտեգրման, նրանց միջեւ փորձի փոխանակման, նաեւ՝ ՏՏ ոլորտում մեծ ծավալի ներդրումների ներգրավման գործընթացին

ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ տարեսկզբին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանի 9 մարզերում հիմնվում են «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

«Եթե մեկ-երկու տարի հետո աշակերտները կարողանան ինքնուրույն կերպով եռաչափ տպիչ մոդելավորել եւ իրենց իսկ աշխատանքի արդյունքը նվիրել հարեւան համայնքների դպրոցներին, ավելի հեռու ապագայում լրջագույն հաջողությունների կհասնեն: Այս խմբակ-լաբորատորիաները նրանց ստեղծարար կյանքի ու ստեղծարար մտքի ձեւավորման հիմքն են»,- ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: