07:59 | 07.06.16 | Հոդվածներ | exclusive 38736

Առաջին հայկական սմարթֆոնները. Ինչ, որտեղ, երբ

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը (TSD) երեկ Երեւանում ներկայացրել է առաջին հայկական սմարթֆոնները՝ ArmPhone-ները:

«Ժամանակն է հայկականի...» կարգախոսի ներքո արտադրված սմարթֆոնները տարբերվում են էկրանի պայծառությամբ, տեսախցիկի որակով, հիշողությամբ:

Itel.am-ը ներկայացնում է առաջին հայկական սմարթֆոնների առանձնահատկությունները:


Լուսանկարը՝ Photolure

Գնի մասին

Ներկայացվել է ArmPhone-ի 5 մոդել, որոնց գինը տատանվում է 51 հազ.-ից մինչեւ 151 հազ. դրամի միջակայքում:

Սմարթֆոններն աշխատում են ստանդարտ Android-ով: Երկու մոդելներն աշխատում են Android 6.0-ով, մյուս երեքը՝ Android 5.1-ով: 

Ամենահզոր՝ 151 հազ. դրամ արժողությամբ մոդելն ունի 5.1-դյույմանոց սենսորային Full HD էկրան, 1.3GHz ութամիջուկ պրոցեսոր եւ 3GB օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 32GB է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։ Սմարթֆոնն ունի 13-Մպ հիմնական տեսախցիկ եւ 8-Մպ առաջնային տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում է 2 SIM քարտով:


Լուսանկարը՝ Photolure

ArmPhone-երը ներկայացված են «Ռոսիա Մոլ»-ի առանձին տաղավարում:

Մարտկոցի մասին

Ընկերության ներկայացուցիչները հավաստում են, որ սմարթֆոնի մարտկոցը մրցակից այլ ընկերությունների սմարթֆոններին հավասար է եւ կարող է պահել միջինում մինչեւ մեկ օր՝ կախված օգտագործման ծավալներից: Ներկայացված մոդելներից մեկի մարտկոցը կարող է աշխատել մինչեւ 3 օր:

Արտադրության մասին

TSD-ում նշում են, որ ArmPhone-ի մասերը ներկրվում են նույն վայրերից, որտեղից իրենց մասերն են պատվիրում, օրինակ, Samsung-ը, Apple-ը (Հոնկոնգ, Թայվան, Չինաստան): Ամենաթանկ մոդելի վրա տեղադրված է Sony տեսախցիկ: Մյուս 4 մոդելների վրա տեղադրված են այլ ընկերությունների արտադրած տեսախցիկներ:


Լուսանկարը՝ PAN Photo

Հայաստանում դեռ հնարավոր չէ սմարթֆոնի մասերի արտադրություն հիմնել, նշում են TSD-ում:

Հեռախոսների բրենդավորումն ու դիզայնը կատարվում է Հայաստանում, մասերը պատվիրվում են արտերկրից, իսկ մոդելները հավաքվում են Երեւանում: 

Կորպուսի մասին


Ամենաթանկ մոդելն ունի ալյումինե կորպուս: Առկա են նաեւ մոդելներ պլաստմասե եւ անգամ ապակե կորպուսով:
 
Շուկայի մասին

«Անպայման պետք է դուրս գանք արտասահմանյան շուկա, առաջին հերթին՝ ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան եւ այլն: Հետո կփորձենք գնալ ավելի հեռու շուկաներ:
ԵՏՄ շուկայում այս սմարթֆոնների պահանջարկը կա, ուսումնասիրությունները շարունակվում են: Ներկայում բանակցում ենք ռուսական 3 խոշոր մատակարարների հետ: Պարզապես ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյան:


Լուսանկարը՝ PAN Photo

Առանձնահատակությունների մասին

Հիմնական առանձնահատկություններն են ցածր գինը, հայկական ինտերֆեյսը, հայկական ռինգթոնները եւ wallpaper-ները:


Լուսանկարը՝ Photolure

«Ոչ մի այլ բրենդ 1 տարով չի տրամադրում No Questions Asked Warranty՝ այսինքն գնելուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե չեք գցել եւ չեք կոտրել հեռախոսը, այլ ուղղակի այն ինչ-ինչ պատճառներով չի աշխատում, ապա մենք ոչ թե անվճար վերանորոգում ենք մոդելը, այլ ձեզ ենք տրամադրում նոր հեռախոս»,- նշել է Վահան Շաքարյանը:

Հարցականների մասին

TSD-ում չեն ցանկանում բացել փակագծերը, թե ներկայում ArmPhone-ների ինչ խմբաքանակ է պատրաստ վաճառքի: Չի բացահայտվում նաեւ հեռախոսի ինքնարժեքի մասին տեղեկատվությունը:


Լուսանկարը՝ PAN Photo

«Շուկայի պահանջներն ամեն դեպքում պատրաստ ենք բավարարել»,- նշել են ընկերությունում: 

Նարինե Դանեղյան