08:26 | 22.03.16 | Նորություններ | exclusive 14995

HIVE-ը կաջակցի գլոբալ մտածող հայկական ստարտափներին

HIVE ներդրումային հիմնադրամը հայտարարել է HIVE Seed Fund նախաձեռնության մեկնարկի մասին, որի շրջանակում ներդրումներ կիրականացնի եւ կհամագործակցի աշխարհի տարբեր կետերում գործող հայկական ստարտափների հետ:

Սիլիկոնյան հովտից մինչեւ Հայաստան. The HIVE Seed Fund-ը կկենտրոնանա այն ստարտափների վրա, որոնք ստեղծում են հեղափոխական տեխնոլոգիական լուծումներ, նպատակ ունեն թիմ ունենալ Հայաստանում եւ լուծել գլոբալ մարտահրավերներ:

Itel.am-ին HIVE ծրագրի տնօրեն Գլեն Դալաքյանը պատմել է, որ HIVE-ի թիմն անհատական աշխատանք կտանի ընտրված ստարտափներից յուրաքանչյուրի հետ եւ կօգնի ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրսները:

Նրա խոսքով՝ ներդրումային ծրագրին դիմելուց հետո ստարտափները կհրավիրվեն փիչինգի՝ նախնական դիտարկման նպատակով: Վերջաժամկետներ չկան, հայտեր կարելի է ներկայացնել ցանկացած պահի:

«Նոր նախաձեռնության շնորհիվ HIVE-ը կշարունակի աջակցություն տրամադրել ոչ միայն ամբողջ աշխարհի հայ ձեռներեցներին, այլեւ վերջիններիս կներկայացնի իր ցանցում ներառված հայտնի խորհրդատուներին եւ ներդրողներին: HIVE-ն աջակցում է նաեւ նորարարությանը եւ ձեռներեցությանը նոր սերնդի հայերի շրջանում՝ տարբեր միջոցառումների եւ վորքշոփերի միջոցով»,- նշել է Գլեն Դալաքյանը:

HIVE-ը ներկայում աշխատում է հայկական մի շարք ստարտափների, այդ թվում՝ Wakie-ի, CodeFights-ի, OutChat-ի, News Deeply-ի, Discotech-ի, Lionsharp-ի հետ:

HIVE-ը սաղմնային եւ նախնական փուլի ներդումային հիմնադրամ է, որն աջակցում է հայ ձեռներեցներին ներդրումների ինչպես նաեւ խորհրդատվության տեսքով՝ ստեղծելու գլոբալ ընկերություններ: HIVE-ը Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի նախաձեռնությունն է:

Նարինե Դանեղյան