16:57 | 02.02.16 | Հարցազրույցներ | exclusive 6482

Նաիրա Նիկողոսյան. ՏՏ ռեգիստրին տրամադրվող ինֆորմացիան լիովին գաղտնի է

Այս տարվա հունվարի 1-ից գործում է ՏՏ ոլորտի էլեկտրոնային վարչական ռեգիստրը, որտեղ հավաքվում են ՏՏ ոլորտի վիճակագրական տվյալները: Մինչեւ փետրվարի 5-ը ՏՏ ընկերությունները ռեգիստրի միջոցով պետք է իրենց վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Այս գործընթացը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել ՏՏ ընկերությունների եւ ոլորտում ակտիվ խաղացողների կողմից:

ՏՏ ռեգիստրի ներդրման դրդապատճառներն ու նպատակները հասկանալու համար Itel.am-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նաիրա Նիկողոսյանի հետ:

- ՏՏ ոլորտում կան մտահոգություններ, որ ՏՏ ռեգիստրում գրանցումը ընկերությունների համար ժամանակի ավելորդ վատնում է: Եվս մեկ մտահոգություն է այն, որ սա միջամտություն է ընկերությունների ներքին գործերին:

-Նախ նշեմ, որ սա նոր գաղափար չէ:  Էկոնոմիկայի նախարարությունն անընդհատ փորձել է ընկերություններից տեղեկատվություն հավաքել: Նույնն արդեն անում ենք, օրինակ, արդյունաբերության ոլորտում՝ զանգերի, էլփոստի միջոցով ընկերություններից ստանում ենք տեղեկատվություն, թե որքան աշխատող ունեն, ինչպիսի շրջանառություն եւ այլն: Արդյունքում ստացվում էր, որ, օրինակ, արդյունաբերության ոլորտի վիճակի մասին տեղեկատվությունն առկա էր, իսկ տվյալների վերաբերյալ հարցումները ՏՏ ընկերությունների կողմից մերժվում էին՝ պատճառաբանությամբ, որ դա օրենքով սահմանված չէ:

Սակայն պետք է հաշվի առնել, որ մեզանից կառավարությունում միշտ պահանջում են ամփոփ տեղեկատվություն: Տարեկան հետազոտություն ենք իրականացնում կառավարության ծրագրով: Եվ երբ առկա տեղեկատվության հիման վրա հրապարակում ենք մեր հետազոտության արդյունքները, երբեմն դրանց թերհավատորեն են մոտենում, քանի որ թվերը տարբերվում են, եւ չենք էլ կարողանում ապացուցել, որ ոլորտում աճ կա:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ներկայացվող վիճակագրությանը տեղեկատվություն տրամադրվում է ավելի քիչ քանակությամբ ընկերությունների կողմից, իսկ մենք ավելի լայն սպեկտր ենք վերցնում:

Ոլորտի քաղաքականության ճիշտ մշակման տեսանկյունից մենք պետք է տիրապետենք այդ տեղեկատվությանը: Երբ ընդունում էինք ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքը,   ամրագրեցինք նաեւ, որ վարչական ռեգիստրն այսուհետ իրականացնելու է էկոնոմիկայի նախարարությունը՝ հաշվի առնելով այն, որ վարչական ռեգիստրը պատվիրվում է համապատասխան ոլորտը կարգավորող նախարարություններին:

Օրենքն ընդունվեց 2014թ., սակայն 2015թ. միանգամից չէինք կարող այն իրականացնել: Այդպիսով գործընթացը որոշվեց սկսել 2016-ից:

Ընթացիկ տարում հաշվետվությունները պետք է միաժամանակ ներկայացվեն եւ էկոնոմիկայի նախարարություն (էլեկտրոնային եղանակով), եւ ԱՎԾ (թղթային եղանակով): Այս տարի խնդրում ենք ընկերություններին մի փոքր ըմբռնումով մոտենալ՝ մինչեւ տարվա ընթացքում համակարգը նորմալ սկսի գործել: Արդեն 2017-ից հաշվետվությունները միմիայն մեզ կտրվեն՝ էլեկտրոնային եղանակով:

-Առկա է նաեւ մտահոգություն՝ կապված տրամադրված տեղեկատվության գաղտնիության հետ:

-Հավաստիացնում եմ, որ տրամադրվող ամբողջ ինֆորմացիան գաղտնի է մնալու, ընկերությանը վերաբերող առանձին որեւէ գաղտնի տեղեկատվություն չի հրապարակվելու, որեւէ ընկերություն անվանական չի նշվելու: Իսկ ամփոփ տեղեկատվությունը հետաքրքիր է բոլորին՝ սկսած թեզ գրողներից` մինչեւ կառավարություն եւ լրագրողներ: Օրինակ, հետաքրքիր է իմանալ, թե ոլորտում աշխատողների քանի՞ տոկոսն է տղամարդ, քանի՞սը՝ կին, ի՞նչ տարիքի են եւ այլն: Հետագա քաղաքականության մշակման հարցում այդ տեղեկատվությունը կարող է օգտակար լինել:

Հաշվետվությունները, ըստ օրենքի, վիճակագրական ծառայությանը տրամադրվում էին ամսական կտրվածքով, նույնը լինելու է այստեղ: Մենք ստացած ինֆորմացիան ամփոփելու ենք եւ այդ ամփոփ տեղեկատվությունը տրամադրելու ենք նաեւ վիճակագրությանը:

-Մինչ օրս քանի՞ ընկերություն է գրանցվել ՏՏ ռեգիստրում:

-Թիվն անընդհատ ավելանում է՝ 90 ից ավելի ընկերություն արդեն գրանցվել է: Սակայն նրանք եւս դեռ հաշվետվություններ պետք է ներկայացնեն այս շաբաթվա ընթացքում:

-Գրանցվելու եւ հաշվետվություններ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 5-ն է: Ի՞նչ կպատահի, եթե ՏՏ ընկերությունը մինչ այդ օրը ոչինչ չձեռնարկի:

-Վարչական առումով կարող ենք տուգանել տվյալ ընկերությանը, բայց չենք ցանկանում նման քայլերի գնալ: Հետեւաբար խնդրում եւ կոչ ենք անում ընկերություններին մեզ ընդառաջել եւ գրանցվել մինչեւ վերջնաժամկետը:

Նաիրա Նիկողոսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը