10:56 | 28.08.15 | Նորություններ | 2771

Ստեփանակերտի «Թումո»-ն կբացվի սեպտեմբերի 2-ին

Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին կբացվի Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաեւ կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ «Թումո»-ի հետ համագործակցության շրջանակում: ԼՂՀ կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրոնական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումն իրականացվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նվիրատվության շնորհիվ:

Ստեփանակերտի ծրագիրը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «Թումո» կհաճախի շաբաթական երկու օր եւ կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման եւ խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաեւ կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը եւ այլն:

Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբերից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը «Թումո»-ում: