16:16 | 22.07.15 | Նորություններ | 8799

Ֆրանսիս Ժելիբտեր. «Օրանժ» բրենդը մեկ տարի կպահպանվի

«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր ասել է, որ «Յուքոմ»-ի հետ բանակցությունները՝ «Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնետոմսերի վաճառքի շուրջ, պայմանավորված չեն ֆինանսական կամ քաղաքական խնդիրներով:

Այս մասին Ֆրանսիս Ժելիբտերն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ «առաջին քայլն արել է «Յուքոմ»-ը»:

Ֆրանսիս Ժելիբտերի խոսքով՝ կա նախնական համաձայնություն, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում «Օրանժ Արմենիա»-ն կպահպանի «Օրանժ» բրենդի օգտագործման իրավունքը:

«Այդ ժամանակահատվածը հաջորդում է վերջնական գործարքի վավերացմանը: Հետագայում նոր բրենդի կամ ռեբրենդինգի որոշում կընդունի նոր բաժնետերը»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով՝ ներկայում աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները միտված են բաժանորդներին ամրակցված եւ շարժական կապի ծառայությունների միաժամանակյա մատուցմանը:

«Իրականում «Օրանժ Արմենիա»-ն պատրաստ չէ այդպիսի ծառայություններ մատուցել, եւ վերջինիս բաժնետոմսերի վաճառքը «Յուքոմ»-ին ունի երկու նպատակ: Առաջինը՝ գործարքի ավարտից հետո Հայաստանում կստեղծվի շարժական կապի լուրջ օպերատոր, որին կպատկանի ընդհանուր հեռահաղորդակցության շուկայի 20 տոկոսը: Երկրորդը՝ բաժանորդներին կառաջարկվեն ամրակցված եւ շարժական կապերը համատեղող առաջարկներ»,- պարզաբանել է նա:

Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրել է նաեւ, որ օգոստոսի 30-ին ինքը կլքի Հայաստանը՝ պայմանավորված ընտանեկան հանգամանքներով: Մինչ այդ, նա այսօր հանդիպել է Beeline-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարների հետ:

«Տեղեկացրի մեր որոշման մասին եւ հույս հայտնեցի, որ հետագայում եւս շուկայում մրցակցությունը դրական առումով կլինի ագրեսիվ: Կարծում եմ՝ շուտով նրանք ավելի ուժեղ մրցակից կունենան»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը: