17:17 | 27.05.15 | Նորություններ | 4115

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գետաշենի դպրոցում ստեղծագործարան է բացվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է թվով յոթերորդ ստեղծագործարանը:

Նորարական տեխնոլոգիաներով՝ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցած դասասենյակում սովորելու են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:

«Երեխայի զարգացումը ձեւավորվում է ընտանիքում եւ շարունակվում դպրոցում: Այս երկու միջավայրերը պետք է լինեն այնքան նպաստավոր ու հաճելի, որպեսզի երեխայի միտքն առողջ զարգանա: Գեղեցիկ միջավայրը ստիպում է գեղեցիկ մտածել: Եթե արագ տեմպերով զարգացող աշխարհում առաջնորդվենք միայն տեխնոլոգիաների մրցավազքով՝ կկորցնենք ստեղծագործելու կարեւոր ունակությունը: Չթերագնահատելով այդ երկուսի դերը՝ մենք խրախուսում ենք ստեղծագործ մոտեցումը նաեւ  նորարար տեխնոլոգիաների միջոցով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Արդյունավետ այս համագործակցության արդյունքում COAF-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ ստեղծագործարան են բացել  Հայաստանի տարբեր մարզերում: Կրթությունը կարեւոր հիմք է երեխաների կյանքի բարօրության, ինչպես նաեւ որպես անհատականություն՝ նրանց ձեւավորման եւ հետագա  գործունեության համար», - ասել է COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Ստեղծագործարանի զարգացման ծրագրին զուգահեռ` COAF-ը Գետաշենի միջնակարգ դպրոցում սկսել է իրականացնել նաեւ «Առողջ սնունդ» եւ «Աֆլատուն» ծրագրերը, ինչպես նաեւ հիմնադրել է թատրոն: