12:07 | 26.05.15 | Նորություններ | 1947

Գյումրիում բացվել է «Դ-Լինկ»-ի հետազոտական կենտրոնը

Գյումրիում մայիսի 25-ին տեղի է ունեցել ցանցային եւ հաղորդակցության սարքավորումներ նախագծող ու արտադրող թայվանական «Դ-Լինկ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դ-Լինկ»-ը ծրագրում է Հայաստանը վերածել տարածաշրջանային հետազոտական կենտրոնի, տարեկան առնվազն 50 բարձրակարգ մասնագետ պատրաստել Գյումրիում, ինչպես «Դ-Լինկ»-ի, այնպես էլ ՏՏ ոլորտի ընդհանուր կարիքների բավարարման համար:

«Ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը հիմնադրվել է 2007թ.։ «Դ-Լինկ» ընկերության ղեկավարությունը, հիմնվելով ներկայացուցչության հաջողությունների եւ Հայաստանում ՏՏ ոլորտի տպավորիչ զարգացումների վրա, 2011թ․ որոշում է կայացրել Հայաստանում՝ Երեւանում եւ Գյումրիում հետազոտական կենտրոնների հիմնադրման վերաբերյալ, որին հաջորդել է մասնագետների պատրաստման աշխատանքները։ 2014թ. օգոստոսից իր դռներն է բացել ընկերության երեւանյան նորակառույց գրասենյակը, իսկ այժմ՝ Գյումրիինը»,- ասել է «Դ-Լինկ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը։ 
 
Ներկայում «Դ-Լինկ»-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատատեղերի ընդհանուր քանակը 22 է (13-ը՝ Երեւանում եւ 9-ը՝ Գյումրիում): Դրանց հիմնական գործունեությունը «Դ-Լինկ»-ի սարքավորումների համար ծրագրային լուծումների եւ փաթեթների մշակումն ու նոր ծրագրային լուծումների հետազոտությունն է: Մինչեւ 2015թ. ավարտն ընկերությունը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35-ի (20-ը՝ Երեւանում եւ 15-ը՝ Գյումրիում)։ Ընդհանուր առմամբ, 1 ու կես տարվա ընթացքում նախատեսվում է ունենալ մինչեւ 50 աշխատատեղ, իսկ մինչեւ 2017թ. ավարտը դրանց թիվը հասցնել 70-ի։ 

«Դ-Լինկ»-ի Գյումրիի թիմը մինչեւ հիմնական շինության պատրաստ լինելը՝ 2014թ. հունվարից իր գործունեությունն է ծավալել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, որտեղ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ իրականացվում են հատուկ դասընթացներ:

1986թ. Թայվանի Շինչու տեխնոպարկում հիմնադրված «Դ-Լինկ» ընկերությունն այսօր ունի ավելի քան 90 տարածաշրջանային գրասենյակ, ավելի քան 4000 աշխատակից: