17:49 | 25.05.15 | Նորություններ | 8208

Գյումրիում բացվել է «Թումո» կենտրոն

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գյումրիում «Թումո» կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը:

Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարեւանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման եւ ամրացման: Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են, որ տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ եւ կարողանալու է հյուրընկալել 500-1000 ուսանողի:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ:

Առաջին «Թումո» կենտրոնը («Թումո Երեւանը») ստեղծվել է Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից եւ իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաեւ Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի):

Ներկայում Ստեփանակերտում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: 2015թ. սեպտեմբերին պլանավորվում է ավարտին հասցնել շինարարությունը եւ բացել «Թումոյի» դռները 1000 արցախցի պատանիների առջեւ («Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ ՀԲԸՄ համատեղ նախագիծն է):