16:59 | 21.05.15 | Նորություններ | 4415

«Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում տարածաշրջանային կենտրոն կհիմնի

Հայաստանում «ամպային» եւ մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոն կհիմնվի՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության հուշագրի, լիցենզավորման պայմանագրերի եւ կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:

Նախատեսվում է նաեւ կրթական ոլորտի համագործակցության, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի եւ այլ նախաձեռնությունների իրականացում:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, որոշման հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Դրա հիման վրա ՀՀ վարչապետի 2014թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը:

Կառավարությունում ակնկալում են, որ «Մայքրոսոֆթ»-ի հետ ստորագրվելիք փաստաթղթերին հավանություն տալու որոշման ընդունումը կստեղծի ընկերության հետ հետագա արդյունավետ համագործակցության նախադրյալներ: