10:59 | 05.05.15 | Հոդվածներ | exclusive 6604

Froo Zoo. Հայկական խաղը կօգնի փրկել կենդանիներին

2013թ. Հայաստանում մշակված Froo Zoo խաղը ստեղծվել է կենդանիներին պաշտպանելու նպատակով: 

90 հազ. օգտատեր ունեցող Froo Zoo-ն նեկայացված է AppStore-ում, Google Play-ում, ինչպես նաեւ Facebook-ում:

Կապիկը ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ փրկելով կենդանաբանական այգիների կենդանիներին: Պետք է ճիշտ մրգերի օգնությամբ օգնել նրան այդ հարցում:

Froo Zoo-ի հիմնադիրը ծրագրավորող Դավիթ Բունիաթյանն է: Խաղը մշակել է Cyclop Studio-ն՝ Geno6 եւ Genome Ventures ընկերությունների հետ համագործակցության արդյունքում:

Itel.am-ի հետ զրույցում Դավիթ Բունիաթյանը պատմում է, որ թեեւ խաղն ամբողջությամբ պատրաստվել է Հայաստանում, սակայն իրենք համագործակցել են նաեւ ուկրաինացի գեյմ դիզայներների հետ, իսկ գեյմ պրոդյուսերը Մոսկվայից է: 

Froo Zoo-ն ներբեռնելիս անվճար է, սակայն ունի վճարովի գործառույթներ:

«Խաղը նաեւ սոցիալական խնդիր է լուծելու՝ ստացված եկամուտներից որոշակի տոկոս ուղղվելու է կենդանիների պաշտպանությանը: Խաղի միջոցով ցանկանում ենք ցույց տալ մեր սերը դեպի կենդանիները եւ նրանց պաշտպանելու ցանկությունը: Աջակցում ենք այնպիսի նախաձեռնությունների, որոնք օգնում են երեխաների եւ պատանիների շրջանում սերմանել այն գիտակցությունը, որ բնության եւ կենդանիների պաշտպանությունը երկարաժամկետ եւ անհրաժեշտ գործընթաց է»,- նշում է Դավիթ Բունիաթյանը:

Նրա խոսքով՝ ներկայում իրենք աշխատում են ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: Հետազոտություն են իրականացրել՝ պարզելու, թե խաղն ինչ «համբավ» ունի օգտատերերի շրջանում եւ որքան գումար է հնարավոր դրանով վաստակել:

«Այդ ինֆորմացիան օգտագործելով՝ փորձելու ենք զարգացնել խաղը, նաեւ կիրառել նորարար լուծումներ՝ գուցե նաեւ նոր նախագծերի շրջանակում: Կարծում ենք՝ շարունակությունը նոր խաղերի եւ մեխանիզմների ստեղծման մեջ է»,- ասում է խաղի հիմնադիրը:

Խաղը ներբեռնած երկրների շրջանում առաջատար են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Հայաստանը եւ Գերմանիան:

Ի դեպ, վերջերս հումորիստ Պավել Վոլյան Instagram-ի իր էջում Froo Zoo խաղից լուսանկար էր տեղադրել՝ նշելով, որ հավանել է այն: Խաղը հայտնվել էր նաեւ հեռահաղորդակցության ամերիկյան խոշորագույն AT&T ընկերության կազմած Android հավելվածների թոփում:

Նարինե Դանեղյան