17:29 | 27.04.15 | Նորություններ | 4442

Demo Day-ը եւ հայկական 7 ստարտափները

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) Աքսելերացիոն ծրագրի մասնակից 7 ստարտափները ապրիլի 26-ին Դեմո օրվա (Demo Day) շրջանակում իրենց արտադրանքն են ներկայացրել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին:

Հյուրերի կազմում են եղել Uber, Facebook, Granatus Ventures եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Հունվարին մեկնարկած ծրագրին մասնակցելու համար շուրջ 40 ստարտափ էր դիմել, որից ընտրվել էր 7-ը:

Itel.am-ի հետ զրույցում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանն ասել է, որ 12 շաբաթների ընթացքում մասնակիցները մեծ ճանապարհ են անցել, կարողացել են ավելի հղկել իրենց ունեցած գաղափարը, մշակել դեմո տարբերակը, որոշ ստարտափեր էլ անգամ որոշակի ֆինանսավորում են գտել:

Միջոցառմանը մասնակցել է նաեւ Uber ընկերության ինժեներական բաժնի ղեկավար Րաֆֆի Գրիգորյանը: Ծանոթանալով ստարտափներին` նա ասել է, որ ներկայացված գաղափարները նորարար են եւ միջազգային շուկայում կլինեն բավական մրցունակ։

«Այսօրվա Դեմո օրը ոչնչով չէր տարբերվում աքսելերացիոն հայտնի ծրագրերի Դեմո օրերից՝ թե՛ աշխատանքի որակի, թե՛ գաղափարների նորարարության առումով»,- ասել է Րաֆֆի Գրիգորյանը։  

Նշենք, որ աքսելերացիայի ծրագիրը միաժամանակ իրականացվում է աշխարհի 4 Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններում։ Ծրագրի աջակիցներն են Venture Hive-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոննների ցանցը:

Ծրագրին մասնակցած 7 ստարտափները Itel.am-ը ներկայացրել է «Demo Day-ին ընդառաջ» շարքում, որը կարող եք գտնել կայքի «Հրապարակումներ» բաժնում: