09:34 | 21.04.15 | Նորություններ | 1732

Orange-ը հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Ապրիլի 18-ի երեկոյան Օպերայի ազգային թատրոնում «Orange Հիմնադրամ»-ի աջակցությամբ կայացել է Հայաստանը եւ Ֆրանսիան ներկայացնող երաժիշտների համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Համերգի ընթացքում հայազգի դիրիժոր եւ ջութակահար Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ հնչել են հայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: Մանկական երգչախմբի կողմից առաջին անգամ կատարվել է Վաչե Շարաֆյանի «Անդաստան» ստեղծագործությունը, որը հատուկ գրվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այս տարին մեծ կարեւորություն ունի հայ ժողովրդի համար եւ լինելով հայ հասարակության անդամ՝ Orange-ը, մասնակցում եւ աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների: Այսօրվա խորհրդանշական համերգը, որը մայիսին կկայանա նաեւ Փարիզում եւ ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում, այդ միջոցառումներից է եւ միասնականության, հույսի ու վերածննդի խորհուրդ է կրում»,- ասել  է «Orange Հիմնադրամ»-ի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը: 

«Orange Հիմնադրամ»-ը կաջակցի նաեւ ապրիլի 21-ին Փարիզի հեղինակավոր Շատլե համերգասրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական նախագծին, որը կազմակերպում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Համերգը հասանելի կլինի նաեւ Սփյուռքի եւ հայաստանյան հանդիսատեսի համար: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են համերգը դիտել ուղիղ հեռարձակմամբ, կարող են այցելել Օպերայի ազգային թատրոն ապրիլի 21-ին՝ ժամը 21:30-ին:  

«Orange Հիմնադրամ»-ի հետ համագործակցության շնորհիվ՝ «Արմենիա » հեռուստաընկերության արբանյակային ալիքներով համերգն ուղիղ եթերով կհեռարձակվի նաեւ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, իսկ ապրիլի 24-ին «Արմենիա» հեռուստաալիքով` նաեւ Հայաստանում: