16:37 | 30.03.15 | Նորություններ | 4197

Հուշագիր` ԿԳՆ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիա»-ի եւ «Յունիքոմփ»-ի միջեւ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ), ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա» եւ «Յունիքոմփ» ընկերությունները ստորագրել են փոխըմբռնման քառակողմ հուշագիր:

Այն ազդարարում է պետության եւ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջեւ ռազմավարական համագործակցության մասին:

Հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը՝ շարունակաբար բարելավելով տվյալ ոլորտում կրթության որակը եւ զարգացնելով ուսումնական հարթակները: Համատեղ ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայ երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլետկրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:

ԿԳՆ-ն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաեւ՝ մշակելու եւ հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը: Ուսումնական պիլոտային այս ծրագիրը ՏՀՏ կրթության ոլորտում կներդրվի 2015-2016 թթ.:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաեւ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: Բացի այդ, ընկերությունը պատրաստակամ է ֆինանսավորելու «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծումը:

Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացնում է շուրջ 70 մլն դրամ:

«Սինոփսիս Արմենիա»-ն իր ներդրումն է ունենալու «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, ինչպես նաեւ իրականացնելու է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:

«Յունիքոմփ»-ը գործակցելու է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, անցկացնելու է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Ընկերությունը նաեւ իրականացնելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովումը եւ ստեղծելու է առանձին համակարգչային ցանցեր:

Հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացում 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երեւանի ավագ դպրոցում եւ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

«ՏՀՏ կրթության զարգացման նախագիծն ունի երկու առաքելություն: Մի կողմից՝ այն ավագ դպրոցներին հնարավորություն է ընձեռում մատուցելու բարձրակարգ կրթություն միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների մասնակցությամբ, որոնք ունեն համապատասխան որակավորում եւ փորձ: Մյուս կողմից՝ ծրագիրն ունի սոցիալական մեծ նշանակություն. այն կօգնի համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին՝ նպաստելով նրան, որ երիտասարդությունը մնա եւ աշխատի Հայաստանում: Նախագիծը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի երիտասարդ սերնդի ապագայի մեջ՝ տալով նրանց անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում աշխատանքի անցնելու համար»»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: