14:57 | 26.03.15 | Նորություններ | 4623

ՏՏ ոլորտի հայտնիները ապրիլի 25-ին կհավաքվեն Երեւանում

HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովը ապրիլի 25-ին Երեւանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կհամախմբի ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարներին:

Համաժողովը կվարի «Թումո»-ի խորհրդի անդամ, Թվիթերի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը:

Տեխնոլոգիական համաժողովի շրջանակում հայ ճարտարագետները եւ ծրագրավորողները հնարավորություն կստանան հանդիպել Google, Facebook, Prezi and Issuu ընկերությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Reddit ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանի հետ: 

Բանախոսների ամբողջական կազմին կարելի է ծանոթանալ այստեղ:

Համաժողովը կներառի դասախոսություններ, ինտերակտիվ աշխատարաններ եւ խոսնակների հետ առանձին հանդիպման հնարավորություն:

Նույն օրը «Թումո»-ում կկայանա երաժշտական համաժողով, որը կվարի հայտնի երաժիշտ Սերժ Թանգյանը: Նրա առաջնորդությամբ արվեստագետներն ու երաժիշտները հանդես կգան երաժշտական կատարումներով, ապա հարց ու պատասխանի միջոցով կխոսեն հայկական երաժշտության ինքնության մասին:

Տեխնոլոգիական եւ երաժշտական համաժողովներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: