14:02 | 26.03.15 | Նորություններ | 3557

Orange-ի աջակցությամբ մեկնարկել է «Լույս հայի աչքերին» 2015թ. ծրագիրը

Այսօր մեկնարկել է Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) «Լույս հայի աչքերին» 2015թ. ծրագիրը, որի շրջանակում Կոտայքի, Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի բնակիչները կարող են օգտվել անվճար ակնաբուժական ծառայություններից:

Նշված մարզերի բնակիչները նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց, որտեղ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եւ այլ առաջատար կենտրոնների մասնագետներից կազմված՝ ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերն անվճար հիմունքներով կիրականացնեն խորացված ստուգումներ, վիրահատություններ եւ լազերային բուժումներ:

2015թ. Orange Հիմնադրամը ծրագրին հատկացրել է 26 մլն դրամ: Տարվա ընթացքում նախատեսվում է հետազոտել շուրջ 16 500 մեծահասակաների եւ երեխաների՝ տրամադրելով ավելի քան 1000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է իրականացնել ավելի քան 1100 վիրահատություն եւ լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում երեխաների համար կազմակերպվելու են նաեւ ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

«Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ Orange Հիմնադրամն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Շնորհիվ այս համագործակցության եւ նորարար շարժական աչքի հիվանդանոցի՝ այս ժամանակահատվածում ավելի քան 67 000 մարդ արդեն հասցրել է օգտվել անվճար որակյալ ակնաբուժական ծառայություններից Հայաստանի բոլոր մարզերում: Հպարտ ենք աջակցել այս նախաձեռնությանը, քանի որ այն իսկապես շոշափելիորեն փոխում է մարզերի բնակիչների եւ նրանց ընտանիքների կյանքը՝ մասնավորապես նրանց հնարավորություն տալով անվճար օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններից, որոնք այլ կերպ հասանելի չէին լինի սոցիալապես խոցելի բնակիչներին եւ ընտանիքներին»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Շարժական հիվանդանոցի առաջին կանգառը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն է, որտեղ այն կկայանի մարտի 30-ից մինչեւ ապրիլի 4-ը, այնուհետեւ կուղեւորվի Աբովյան (ապրիլի 6-18) եւ Հրազդան (ապրիլի 20-ից մայիսի 8-ը) քաղաքներ: Կոտայքի մարզի բնակիչներն արդեն անցել են աչքի անվճար հետազոտություն տեղի ակնաբույժների կողմից: