17:09 | 26.01.15 | Նորություններ | 1335

Ամերիկահայ ներդրող Ալ Եսայանը կդասախոսի Երեւանում

ԱՄՆ-ում գործող«Այքոնէփս» (IconApps) ընկերության համահիմնադիր եւ Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանը փետրվարի 3-ին՝ ժամը 19:00-ին, դասախոսություն կկարդա Երեւանում՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ում:

Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալ Եսայանը ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների հետ կկիսվի ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձով եւ կներկայացնի ոլորտի համաշխարհային զարգացման միտումների վերաբերյալ իր տեսակետն ու կանխատեսումները:

Ալ Եսայանը ճանաչված գործարար եւ ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ եւ աշխատատեղեր, իսկ 2010թ. նրա հիմնադրած Integrien ընկերությունը ձեռք է բերվել ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից: Վերջինս նախատեսում է առաջիկա 4 տարիներին $100 մլն-ի ներդրում կատարել Հայաստանում:
 
Դասախոսությունը բաց է բոլոր ցանկացողների համար: Գրանցվելու համար պետք է անուն/ազգանունը, էլ. հասցեն եւ մասնագիտությունը ուղարկել heghine.martirosyan@mic.am էլ. հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Ալ Եսայանի դասախոսություն»: