17:35 | 18.12.14 | Նորություններ | 3279

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցն ընդգրկում է բնակեցված տարածքների 45,7%-ը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 4G/LTE ցանցը գործարկել է նաեւ Արմավիր եւ Վաղարշապատ քաղաքներում, ինչի շնորհիվ 4G/LTE ցանցն արդեն ծածկում է Հայաստանի բնակեցված տարածքների 45,7%-ը:

Արմավիրում եւ Վաղարշապատում 100% ծածկույթ ապահովելու նպատակով ընկերությունը 4G/LTE բազային 6 կայան է տեղադրել առաջին, 7 կայան՝ երկրորդ քաղաքում:

Ներբեռնման մինչեւ 150 Մբիթ/վրկ եւ վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE տեխնոլոգիան մինչ օրս հասանելի էր Երեւանում (100%), Գյումրիում (100%), Վանաձորում (100%), Դիլիջանում (90%) եւ Ծաղկաձորում (100%):

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանում մինչեւ տարեվերջ հավելյալ 37 բազային կայանի տեղադրումից հետո ակնկալում է 4G/LTE կայանների (eNodeBs) թիվը հասցնել ծրագրված 250-ի:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեությունը սկսել է՝ անգամ հեռավոր սարերում ապրող հովվի համար բջջային հաղորդակցությունը հասանելի դարձնելու հավակնոտ նպատակ ունենալով: Ներկայում ոչ ոքի չի զարմացնում այն փաստը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են երկրի անգամ ամենանոսր բնակեցված վայրերում: Նորարարական 4G/LTE տեխնոլոգիան պետք է հասանելի լինի ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մնացած մյուս քաղաքների բնակչության համար: Ամբողջ աշխարհում 4G/LTE տեխնոլոգիան բիզնեսի զարգացման եւ աճի խթան է: Հայաստանը չպետք է բացառություն լինի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային միակ օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է տրամադրում կոմերցիոն հիմունքներով: