14:41 | 05.12.14 | Նորություններ | 4923

FPWC-ն եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի երկու նախագծերի արդյունքները

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող երկու նախագծերի արդյունքները:

Առաջին նախագծի շրջանակում Ուրցաձոր համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղադրվել են արտաքին լուսավորության 70 լուսադիոդային (LED) լուսատուներ: Երկրորդ նախագծի շրջանակում գյուղում ստեղծվել եւ վերանորոգվել են երեք հյուրատներ, որոնցից երկուսում տեղադրվել են արեւային ջրատաքացուցիչներ:

Կատարված աշխատանքները ներկայացվել են Ուրցաձոր համայնքում կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը եւ համայնքի բնակիչները:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի այս նախաձեռնությունը. բնապահպանական որոշ խնդիրների նորարարական լուծում առաջարկելուց բացի, այն ունի կարեւոր մեկ այլ առաքելություն: Այս ծրագիրը գյուղական համայնքների զարգացման հիանալի մոդել է, որտեղ գյուղացին ներգրավվում է որպես համագործակցող կողմ եւ ակտիվ մասնակցում է ծրագրի իրականացմանը: Համոզված եմ, որ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելը եւ սեփական հողի վրա արժանապատիվ եւ ազնիվ կյանքով ապրելու հնարավորություն ունենալը խրախուում են մարդուն, որպեսզի նա ավելի շատ սիրի իր երկիրը եւ չմտածի հեռանալու մասին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: