18:09 | 10.11.14 | Նորություններ | 907

Մայքրոսոֆթը ցանկանում է զարգացնել ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությունը

Հայաստանում ինովացիոն ոլորտի զարգացմանն ուղղված միջավայրի ձեւավորման խթանման հարցերն են քննարկել այսօր Երեւանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու  «Մայքրոսոֆթ» կորպորացիայի կառավարության եւ պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյը:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել փոխշահավետ համագործակցության շարունակականությունը,  պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել երկկողմ աշխատանքային խումբ, որը կքննարկի «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմինների կողմից «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերման գործընթացի ապահովման ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը: Խմբի գործունեության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն այնուհետեւ կամրագրվեն «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ ստորագրվելիք նոր հուշագրում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է շարունակել համագործակցությունը «Մայքրոսոֆթ» ընկերության հետ` Հայաստանում ինովացիոն ոլորտի զարգացմանն ուղղված միջավայրի ձեւավորման խթանման նպատակով, մասնավորապես, «Մայքրոսոֆթ» ընկերության գլխամասային գրասենյակում աշխատող հայ մասնագետների հետ համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից Հայաստանում «Ամպային» եւ մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնման միջոցով:

Առաջարկվել է  նաեւ ակտիվ քայլեր ձեռնարկել ՀՀ պետական մարմիններում «Մայքրոսոֆթ»-ի լիցենզիոն փաթեթների կիրառման, «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համատեղ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի ընդլայնման, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության, ընկերության հետ համատեղ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության արդյունավետության բարձրացման նպատակով տեղական շուկայի պահանջներին բավարարող լուծումների մշակման եւ այլ ուղղություններով: