14:38 | 24.10.14 | Նորություններ | 904

ՆՈւՌ ծրագրի շրջանակում 7100 անձնական համակարգիչներ են բաշխվել ԼՂՀ եւ ՀՀ դպրոցականներին

ՆՈւՌ ծրագրի շրջանակում ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում 7100 երեխա արդեն ստացել է նոր համակարգիչ, որից 750-ը Class Mate տիպի են:

Դրանք բաժանվել են Ստեփանակերտի եւ Շուշիի 6-րդ դասարանցիներին: Եթե նախորդ տարիներին արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր XO համակարգիչները բաշխվում էին Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին, ապա այս տարի ծրագիրն ընդգրկում է 6 նոր շրջաններ՝ Հադրութ, Բերձոր, Քարվաճառ, Մարտակերտ, Մարտունի եւ Ասկերան:

1-ից 4-րդ դասարանցիներին հանձնված XO տիպի դյուրակիր համակարգիչներից բացի, Ստեփանակերտի եւ Շուշիի 6-րդ դասարանցիներին են հանձնվում Class Mate տիպի համակարգիչներ:
 
Class Mates տիպի համակարգիչները նախատեսված են պատանեկություն ոտք դնող աշակերտների համար: Class Mates-ը գործում է Windows 8-ի հիման վրա, ինչը թույլ է տալիս կրթության մաքսիմալիզացում` ապահովելով տեքստերի մշակիչներով, աղյուսակներ կազմելու, աշխատանքների գեղարվեստական ներկայացման, տեսանյութերի ու խաղերի ստեղծման, ինչպես նաեւ համացանցում մեծ արագությամբ նավարկելու հնարավորություններ:

Նոր համակարգչն ունի նաեւ ստեղծագործական ջիղը խթանող ու դրա զարգացմանը նպաստող հնարավորություններ՝ նկարելու եւ գունավորելու միջոցներ, ձայնագրիչով համացանցային տեսախցիկ, որոնք թույլ են տալիս երեխաներին արտահայտվել եւ շփվել տեսողական դաշտում, լուսանկարել ու տեսագրել, ապա այդ նյութերը խմբագրել: Իսկ ընթերցանության միջոցները օգնում են աշակերտներին սովորել ու բարելավել իրենց կարողությունները:

Նշենք, որ նախքան համակարգիչների հանձնումն իրականացնելը անցկացվել են դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: