13:41 | 17.10.14 | Նորություններ | 2898

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի գլխավոր գործընկերն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 9-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել էր 2010 թվականին՝ անցած հինգ տարիների ընթացքում ամենամյա միջոցառման կազմակերպման համար նվիրաբերելով ավելի քան 42 միլիոն ՀՀ դրամ:

Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 22 երկիր. Արգենտինան, ԱՄՆ-ը, Բելառուսը, Գերմանիան, Եգիպտոսը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Հնդկաստանը, Հոնգ Կոնգը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Ուրուգվայը, Չինաստանը, Պերուն, Ռուսաստանը, Սերբիան, Վիետնամը, Վրաստանը եւ Ֆիլիպինները:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է ՏՀՏ ոլորտում տաղանդավոր երիտասարդներ բացահայտելուն ուղղված նախաձեռնություններին: Հայ երիտասարդների ինքնադրսեւորմանն աջակցելու՝ մեր երկարաժամկետ ռազմավարությունը բխում է այն հիմնարար եւ անկոտրում համոզմունքից, որ Հայաստանն ունի պայծառ ապագա, եւ այն մեր երիտասարդների ձեռքերում է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային իններորդ Օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառմանը: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ստացել է արժեքավոր նոութբուք: