18:14 | 16.10.14 | Նորություններ | 4528

Orange Հիմնադրամի աջակցությամբ Քարահունջում կաթի մթերման նոր կետ է բացվել

Orange Հիմնադրամի եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղ՝ ներկա գտնվելու կաթի մթերման կետի պաշտոնական բացմանը:

Կաթի մթերման նորաբաց կետը ծառայելու է տեղի ավելի քան 1000 բնակիչների կարիքներին, որոնց մեծ մասը զբաղվում է կաթի արտադրությամբ՝ այսպիսով վերջիններիս ընձեռելով կայուն եկամտի աղբյուր ստեղծելու հնարավորություն:

«Ուրախ եմ նշել, որ այս նախաձեռնությունն իրականացվել է Orange հիմնադրամի մեկնարկած հատուկ ծրագրի շրջանակներում, որն աջակցում է մեր աշխատակիցների բարեգործական ծրագրերին: Նախագծի իրականացման համար այս անգամ դրամաշնորհը տրամադրվել է Դավիթ Համբարյանին: Սա արդեն թվով ութերորդ ծրագիրն է, որը հիմնադրամը ֆինանսավորում է Orange-ի աշխատակիցների առաջարկած ծրագրերի հիման վրա», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Մեր կազմակերպությունը 2008թ.-ից իրականացնում է Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը: Ուրախ ենք տեսնել, որ գյուղատնտեսական զարգացման հեռանկարն ապահովված է մարզի եւս մեկ համայնքում»,- իր խոսքում նշել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը:

Նույն օրն Orange Հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են նաեւ Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղի համակարգչային սրահ, որն ստեղծվել է  «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyBox 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով եւ հարմարավետ կահույքով:

Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Խնձորուտի բնակիչների համակարգչային հմտությունները եւ առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները: Սա տարբեր գյուղական համայնքներում բացված արդեն թվով 24-րդ համակարգչային սրահն է: