16:52 | 30.09.14 | Նորություններ | 2297

Հայաստանում առաջին անգամ գործարկվել է էլեկտրոնային տոմսերի լիարժեք համակարգով մշակութային միասնական պորտալ

Beeline-ի եւ Դինամիկա թեսթինգ սենթր–ի աջակցությամբ Հայաստանում գործարկվել է www.cult.am մշակութային միասնական պորտալը։ Համակարգը ներառում է տեղեկություններ մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային միջոցառումների վերաբերյալ եւ տարբերվում է առցանց լիարժեք էլեկտրոնային տոմսերի ձեռք բերման հնարավորությամբ։

Beeline-ի կողմից տրամադրված համակարգիչների եւ սմարթֆոների շնորհիվ համակարգին են միացել եւ իրենց միջոցառումների էլեկտրոնային տոմսերը հայ մշակութասեր հասարակությանն են առաջարկում թվով տաս Երեւանյան թատրոններ: Համակարգի կատալոգային վեբ-աֆիշայում զետեղվում եւ պարբերաբար թարմացվում են տեղեկություններ Երեւանում տեղի ունեցող մշակութային գրեթե բոլոր տեսակի միջոցառումների (համերգ, թատրոն, կինո, սպորտային միջոցառումներ եւ այլն) վերաբերյալ։ էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգը թույլ է տալիս ձեռք բերել նախընտրելի տեղերի ընտրությամբ կոնկրետ միջոցառման տոմսեր եւ  վճարել դրանց համար առցանց` ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով։ Վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ եւ գաղտնաբառ։ Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով։

«Beeline-ի աջակցության շնորհիվ իրականություն դարձած այս նախագիծն այսօրվանից հայ սպառողին առաջարկում է որակապես նոր, ավելի հարմարավետ տեխնոլոգիաներ՝ նպաստելով մշակութային առօրիայի կազմակերպմանը։ Beeline-ը, առաջին հերթին տեխնոլոգիական ընկերություն է, եւ մենք ուրախ ենք, որ կարողացել ենք համատեղել տեխնոլոգիաները եւ մեր սոցիալական ծրագրերը։ Ընկերությունն այս նախագծին մասնակցությունը կարեւորում է ոչ միայն նրանով, որ օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավն, այլ նաեւ այն, որ այս ծրագիրը պարունակում է  շրջակա միջավայրի պահպանման ուղղված բաղադրիչ՝ օգնելով հրաժարվել թղթային տոմսերից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի եւ CULT.am-ի այս համագործակցությունը Հայաստանյան բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ հայ սպառողի կենսակերպն ամեն կերպ բարելավելու ձգտման փայլուն օրինակ է: Այս նախագիծը պարզապես հերթական նորույթը չէ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, այն նաեւ ենթադրում է թատրոն ու կինո հաճախելու նոր մշակույթ, իսկ թատրոնների ու կինոթատրոնների համար՝ սեփական աշխատանքը կազմակերպելու ու տոմսային տնտեսությունը վարելու նոր, լիարժեք էլեկտրոնայնացված գործիքակազմ»,- ասել է «Դինամիկա թեսթինգ սենթր» ՍՊԸ–ի տնօրեն Վլադիմիր Խոեցյանը:

Նշենք, որ CULT.am–ը 2013 թվականին հաղթող է ճանաչվել հայկական վեբ-նախագծերի ArmNet Awards ամենամյա հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով «Տարվա առաջընթաց» անվանակարգին: