11:06 | 22.09.14 | Նորություններ | 3666

Ռոստելեկոմը լուրջ հեռանկարներ է տեսնում Հայաստանում

Ռոստելեկոմը լուրջ հեռանկարներ է տեսնում Հայաստանում ՝ իր ծառայությունների զարգացման համար:

Այդ մասին ասել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյը հայաստանյան լրագրողների հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում: Մամուլի շրջագայությունը Մոսկվա կազմակերպվել էր Հայաստանում «Ռոստելեկոմի» դուստր ընկերության՝ GNC-ALFA-ի  կողմից:      

«Զարգացման համար շատ լուրջ հեռանկարներ ենք տեսնում, քանի որ այն բոլոր հեռահաղորդակցային ծառայությունները, որոնք ներկայացնում ենք Հայաստանում, մեծ պահանջարկ ունեն: Մեր կողմից շուկայում ներկայացվող բոլոր փաթեթային առաջարկներն անմիջապես արձագանք են ստանում մեր հաճախորդային բազայի կողմից, որի աճի տեմպերից մենք գոհ ենք: Նաեւ դիտարկում ենք Հայաստանում տվյալների կենտրոնի (data center) կառուցման հնարավորությունը, սակայն հստակ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է»,- նշեց Ալեքսանդր Ռոգովոյը:

Նա նաեւ նշել է, որ կարեւոր է համարում Երեւանում եւ Հայաստանի մարզերում ընկերության ներթափանցման մասնաբաժնի ավելացումը:

Ալեքսանդր Ռոգովոյն ասել է, որ 2012-2016թթ. Հայաստանում «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 30 մլն ԱՄՆ դոլար:  2014 թվականի վերջի դրությամբ ներդրումների ծավալը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանելով Հայաստանի կարգավորիչ մարմինների հետ հարաբերությունները, ընկերության փոխնախագահը նշել է, որ «կան աշխատելու համար բնականոն պայմաններ, եւ մենք ոչ մի խնդիր չունենք»:  

Մամուլի շրջագայության ընթացքում Հայաստանից ժամանած լրագրողները այցելեցին «Ռոստելեկոմ» ԲԲԸ գլխավոր գրասենյակ, կապի ցանցերի կառավարման կենտրոնը, սպասարկման եւ վաճառքի սրահ, «Էլեկտրոնային կառավարություն» ծրագրի հեռախոսային կենտրոնը:

Լրագրողներին ներկայացվել է նաեւ Ռոստելեկոմի «Ինտերակտիվ հեռուստատեսությունը», որի չափաբաժինը ռուսական IP-TV շուկայում կազմում է 56% (iKS-Consulting-ի տվյալներով): «Ինտերակտիվ հեռուստատեսության» շրջանակներում Ռոստելեկոմը հեռարձակում է թվային որակի ավելի քան 200 հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ ավելի քան 30 ալիք HD ձեւաչափում: