17:54 | 16.09.14 | Նորություններ | 4707

Ռոստելեկոմի վաճառքի եւ սպասարկման գլխավոր սրահը պաշտոնապես բացվել է

Այսօր Երեւանի կենտրոնում՝ Նալբանդյան 28/1 (Հանրապետության Հրապարակ) հասցեում տեղի է ունեցել «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի եւ սպասարկման գլխավոր սրահի պաշտոնական բացման արարողությունը:

Նորաբաց վաճառքի եւ սպասարկման սրահն իր ձեւավորմամբ ու հարդարմամբ լիովին համապատասխանում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշի միջազգային չափորոշիչներին: Այն նախատեսված է նաեւ կորպորատիվ հաճախորդների սպասարկման համար:

Արարողությանը մասնակցել են «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ, «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռոգովոյը, պաշտոնատար անձինք, հյուրեր միջազգային եւ տեղական մի շարք կառույցներից ու ընկերություններից:

Բացման խոսքում «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել է, «որ 2012 թ-ից սկսած «Ռոստելեկոմը» Հայաստանում ծավալուն ներդրումներ է կատարում եւ արդեն իսկ ծառայություններ է մատուցում ավելի քան 18 քաղաքներում եւ Երեւան քաղաքի 9 վարչական շրջաններում»:

Նա նաեւ ասել է, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ռոստելեկոմի» կողմից ամբողջական ծածկույթն արդեն իսկ ապահովված է, իսկ վաճառքի եւ սպասարկման սրահի գործակումն էլ ավելի կհեշտացնի Կենտրոնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը:

Վերջերս Երեւան քաղաքում ընկերությունը կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որն ունի օղակաձեւ կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու անխափան ու գերարագ ինտերնետ Երեւանում: