13:09 | 25.07.14 | Նորություններ | 3015

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացահայտում է իր հաջողության գաղտնիքները երիտասարդներին

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում հանրապետության մարզերից եւ Երեւանից ավելի քան 110 աշակերտներ մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկված «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: Մրցույթը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել երկխոսություն բիզնեսի եւ կրթության միջեւ` խրախուսելով ավագ դպրոցի աշակերտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ եւ նորարարական մտածելակերպ: Այն ճամբարականներին հնարավորություն ընձեռեց վերոհիշյալ ծրագրից ստացած գիտելիքները կիրառել գործնականում եւ բիզնես տեսանկյունից նորարարական լուծումներ եւ մոտեցումներ առաջարկել: 

«Ուրախալի է տեսնել սովորելու եւ կատարելագործվելու ձգտում ունեցող, հետաքրքրասեր երիտասարդների, որոնց մենք պատրաստակամ ենք ներկայացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության գաղտնիքները, կիսվել տարիների ընթացքում կուտակած փորձով, պատրաստ ենք աջակցել գիտելիքներ ձեռք բերելու հարցում, ինչը տարիներ շարունակ անում ենք Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այս երիտասարդներից շատերը ապագայում կաշխատեն բիզնես-միջավայրում, եւ շատ կարեւոր է հենց այս տարիքից նրանց մեջ սերմանել կառավարման ճիշտ սկզբունքներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթի սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչ-կամավորները ճամբարականներին ներկայացրել էին հետեւյալ բիզնես-առաջադրանքը` փոփոխություններ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ԵՍ» սակագնային պլանի պայմանների մեջ` այն առավել հարմարեցնելով երիտասարդների պահանջներին: Վերջիններս սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ եւ ներկայացնեին դրանք պատվավոր ժյուրիին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 11 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվեցին Huawei Ascend Y330 սմարթֆոններով:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ եւ նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրցների ավելի քան 4500 աշակերտների տնտեսագիտական եւ ձեռնարկատիրկական գիտելիքներ հաղորդել: Այն աշակերտներին ծանոթացնում է նաեւ բիզնես էթիկայի եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին եւ հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրը միաժամանակ խրախուսում է աշակերտներին դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում եւ հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին: