13:44 | 17.04.14 | Նորություններ | 4384

ԱրմենՏելը եւ SPB TV-ն գործարկել են IP հեռուստատեսությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) SPB TV ընկերության հետ համատեղ այսօր հայտարարել են IP հեռուստատեսության գործարկման մասին:  

IPTV-ի հիմնական փաթեթը, որի բաժանորդային ամսավճարը կազմում է 3 000 դրամ, ներառում է 55 տեղական եւ արտասահմանյան հեռուստաալիքներ:
 
«Ծառայությունը հասանելի է ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, որտեղ առկա է Beeline-ի ֆիքսված հեռախոսակապ: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի նույնիսկ փոքր գյուղերի բնակիչների համար տեղեկատվությունը, քոնթենթը հասանելի լինեն»,- ասել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

SPB TV ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովն ասել է, որ ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ IPTV-ի շուկան ակտիվ զարգանում է: 

«Հայաստանում հեռուստատեսության շուկան ամենազարգացածներից մեկն է ԱՊՀ երկրների շրջանում: 2013թ. արդյունքներով, այս շուկայի գումարային մասնաբաժնի առաջատարը հենց IPTV-ի հատվածն է»,- ասել է Կիրիլ Ֆիլիպովը: 

SPB TV-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ «ԱրմենՏելն» իր բաժանորդներին է ներկայացնում հեռուստաալիքների բազային փաթեթը, որոնք մասսայականություն են վայելում Հայաստանում. դրանք ընտանեկան, սպորտային եւ նորությունների ալիքներ են: 

Հետագայում «ԱրմենՏելը» նախատեսում է ընդլայնել հեռուստաալիքների ցանկը: «Մենք մտադիր ենք ընդլայնել մեր ծառայությունները` հնարավորություն ընձեռելով դիտել լրացուցիչ ալիքներ: Ներկայումս մեր նպատակը հիմնական փաթեթի ընդլայնումն է գործող գնի շրջանակում»,- ասել է Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրենի գնահատմամբ, առաջիկա մեկուկես տարվա ընթացքում IPTV ծառայությունից կօգտվի ընկերության բաժանորդների 30%-ը:

Անդրեյ Պյատախինն ասել է նաեւ, որ Beeline-ը SPB TV-ի հետ համագործակցությամբ ակտիվ աշխատանք է իրականացնում նաեւ շարժական հեռուստատեսության գործարկման ուղղությամբ, որը բաժանորդներին հասանելի կլինի մոտ ապագայում: