14:29 | 10.04.14 | Նորություններ | 2132

Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ Orange Արմենիա ընկերությունն այսօր հայտարարել են «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման 4-րդ առաջնության մեկնարկի մասին:

Առաջնությունն անցկացվելու է 4 փուլով: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Orange Արմենիա, Plexonic, Triada, Frismos, Zoom Graphics, HitBits ընկերություններից: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը եւ ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն իրենց աշխատանքները:

Մասնակիցները մրցելու են 8 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն եւ Ժողովրդական մրցանակ: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 3 մլն դրամ, որը կբաշխվի հաղթողների միջեւ:

«Բաց խաղ»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 12-ը գրանցվել www.opengame.am կայքում: Այն մասնակիցները, ովքեր կգրանցվեն մինչեւ հունիսի 15-ը, հնարավորություն կունենան ստանալ ժյուրիի խորհրդատվական աջակցությունը եւ մասնակցել մասնագիտացված դասընթացների:

Orange Արմենիա ընկերության հովանավորության նախագծերի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանն ասել է, որ «Բաց խաղ» առաջնությունը չունի տարիքային կամ նախագծերի տիպերի սահմանափակում:

«Այս առաջնությունն արդեն դարձել է բարի ավանդույթ: Ամեն տարի ավելացող մասնակիցների թիվը վկայում է, որ խաղերի նախագծումն իսկապես դինամիկ զարգացող ոլորտ է Հայաստանում եւ ունի մեծ ներուժ», - ասել է Լիլիթ Մարտիրոսյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ առաջնության նպատակն է զարգացնել խաղերի նախագծման ոլորտը եւ ստեղծելով նոր բիզնես միջավայր` դուրս գալ միջազգային շուկա:

Այս տարի «Բաց խաղ»-ին որպես գլխավոր հովանավոր միացել է «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանն ասել է, որ առաջնությունը խթան կհանդիսանա երիտասարդներին խաղերի նախագծման ոլորտ ներգրավելու համար: «Մեր նպատակն է ոչ միայն աջակցել առաջնությանը, այլ նաեւ նոր կադրեր բացահայտել մեզ համար», - ասել է Հարություն Համբարձումյանը:

«Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման 4-րդ առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի վերջին: