10:53 | 05.02.13 | Նորություններ | 6882

Առաջին հայկական էլեկտրոնային գրքերը` iTunes-ում եւ Google Play-ում

Վերջին մի քանի ամիսների ընթացքում առցանց առեւտրային Apple iBookStore եւ Google Play հարթակներում հայտնվել են առաջին հայկական էլեկտրոնային գրքերը, որոնք կարելի կարդալ iOS եւ Android օպերացիոն համակարգերով սարքերից:

Բացի այդ՝ գրքերը հնարավոր է կարդալ eBook Reader-ներով (Kindle, Kobo, Sony eReader)։

Նախաձեռնությունը պատկանում է ArmLib բլոգի եւ Armenian iBOOKS ֆեյսբուքյան խմբի հեղինակներ Ռուբեն Միրաքյանին եւ Մարատ Յավրումյանին:

«Հիմնական նպատակը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հայկական գրական ժառանգությունը հասանելի դարձնելն է։ Երբ տեսնում ես, որ շատ լեզուներով հնարավոր է էլեկտրոնային գրքեր գնել, կամ անվճար ներբեռնել ու ընթերցել, իսկ հայերենով՝ ոչ մի գիրք... Ահա հենց այդտեղից էլ ծնվեց հայերեն էլեկտրոնային գրքեր հրատարակելու գաղափարը», - նշում է Յավրուհրատ-ի նախաձեռնող Մարատ Յավրումյանը:

Առաջին էլեկտրոնային գրքերը Մարատ Յավրումյանը սկսեց հրատարակել 2012-ի հունիսից, իսկ նոյեմբերին Ռուբեն Միրաքյանը եւ Մարատ Յավրումյանը ստեղծեցին Armenian iBOOKS ֆեյսբուքյան նախաձեռնությունը եւ ArmLib բլոգը, գրքերը դարձան ավելի բազմազան ու հայտնվեցին նաեւ Apple iBookStore-ում եւ Google Play-ում։

«Գրադարանում առավելապես հայ դասականների գործեր են՝ Հովհ. Թումանյան, Ե. Չարենց, Ղ. Աղայան, Վ. Տերյան, Հ. Պարոնյան եւ այլն։ Կան նաեւ գիտական հրատարակություններ ու նաեւ թարգմանչական, մանկական, ժամանցային գրականություն։ Բոլորովին վերջերս կատարվեց Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» գրքի երրորդ, արդեն էլեկտրոնային հրատարակությունը։ Գրադարանի 20-25%-ը կազմում են անվճար գրքերը։ Ապագայում եւս պահպանվելու է այս միտումը, սա կարեւոր ու սկզբունքային է», - նշում է Armenian iBOOKS, ֆեյսբուքյան նախաձեռնության հիմնադիր՝ Ռուբեն Միրաքյանը:

Նախաձեռնության շրջանակներում ստեղծվել է նաեւ OPDS կատալոգ, որը թույլ է տալիս գրքերը տարածել բոլոր այն բջջային app-երով, որոնք աջակցում են այս տեխնոլոգիան (օրինակ՝ Ռուսաստանյան շուկայում մեծ տարածում ունեցող FBReader App-ում)։

iBookStore եւ Google Play eBooks հարթակները փակ են հայաստանյան շուկայի համար։ Այս խոչընդոտը վերացնելու համար Ռուբեն Միրաքյանը եւ Մարատ Յավրումյանը նախաձեռնել են iBookStore-ը Հայաստանում հասանելի դարձնելու համար ստորագրահավաք, որին կոչ են անում միանալ: