07:06 | 13.09.12 | Նորություններ | 3004

Հայաստանում տեղի կունենա միջազգային Jeep-Profi բաց առաջնությունը

Երեւան/Մեդիամաքս/. էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան ԱրմենՏելի (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ կազմակերպում է արտաճանապարհային մեքենաների վարման Jeep-Profi անվանակարգում միջազգային բաց առաջնություն:

Quadra Drive անվանմամբ առաջնությունը կանցկացվի 2012թ. սեպտեմբերի 15-ից 16-ը Տաուշի մարզում: Երկօրյա մրցումը կմեկնարկի Դիլիջան քաղաքում, իսկ ավարտը կհայտարարվի Իջեւանում: Առաջնության մասնակիցներին կբաժանվի տոպոգրաֆիկ քարտեզներ մայրուղու նկարագրությամբ եւ երթուղու հստակ նշված կետերով: Յուրաքանչյուր հստակ նշված կետն անցնելիս մասնակիցը կստանա որոշակի միավորների քանակ: Հաղթող կճանաչվի այն թիմը, որն ավելի կարճ ժամանակահատվածում կհավաքի առավել թվով միավորներ, հայտնել են ընկերությունում: 

Բաց առաջնությանը կարող են մասնակցել Jeep-Profi դասին համապատասխանող բոլոր լիաքարշակ արտաճանապարհային մեքենաները: Առաջին անգամ Հայաստանում նման մրցույթի մասնակցելու համար հրավիրվում են քառացիկլետ վարողներ: Մրցակիցների գրանցումը կատարվում է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010 228085 հեռախոսահամարով:

«Ես շնորհավորում եմ Էքստրեմալ մարզաձեւերի բոլոր սիրահարներին աշնանային շրջանի բացման կապակցությամբ: «Ադրենալին» ասոցիացիայի հետ համատեղ մենք սկսում ենք այս շրջանը նոր սպորտային կարգերով եւ Jeep-Profi նոր ավտոմեքենաների մրցման անվանակարգով: Այս մրցույթում վարորդի հաջողությունը կախված է ոչ միայն մեքենայի տեխնիկական վիճակից եւ այն վարելու արհեստավարժությունից, ինչպես նաեւ տեղանքի իմացությունից եւ տոպոգրաֆիկ քարտեզից օգտվելու հմտությունից», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված են վարորդներ Վրաստանից, Ռուսաստանից եւ Իրանից: Մրցույթին աջակցում են նաեւ Vitesse եւ NakOil ընկերությունները: