14:45 | 05.09.12 | Նորություններ | 5095

Երեւանանում կանցկացվի առաջին Վիկի-կոնֆերանսը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Վիկի-հանրությունը եւ ԱրմեՏել ընկերությունը Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ Երեւանում կանցկացնեն առաջին Վիկի-կոնֆերանսը:

Սեպտեմբերի 8-9-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կայանալիք Վիկի-կոնֆերանսի շրջանակներում կքննարկվեն Վիկիպեդիա էլեկտրոնային հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, Հայաստանում վիկի- գործիքների եւ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցերը:

«Վիկի նախագծերն ու Վիկիպեդիան մեզանում զարգացնելու եւ նրանց ընձեռած հնարավորություններից օգտվելու համար Վիկիմեդիա ընկերությունը մեզ տրամադրել է դրամաշնորհ` կոնֆերանս կազմակերպելու համար, մեզ աջակցում է նաեւ ԱրմենՏել ընկերությունը»,- ասել է Հայկական Վիքիփեդիայի համակարգող Սուսաննա Մկրտչյանը:

ԱրմենՏել ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլայոնը կարեւորել է Վիկիպեդիայում հայալեզու բովանդակության անհրաժեշտությունը. «Կոնֆերանսի նպատակն է մեծացնել այն ինտերնետ համայնքը, որը կարող է ժամանակ տրամադրել զարգացնելու Վիկիպեդիայի հայալեզու բովանադակությունը»:

«Վիկիմեդիա հիմնադրամի նպատակը յուրաքանչյուր մարդուն ազատ գիտելիքներ տրամադրելն է, ուրախ եմ, որ Հայաստանում կա համայնք, որը նույն նպատակն է հետապնդում»,- ասել է Վիկիմեդիա հիմնադրամի խորհրդի անդամ Տին Չեն:

Կոնֆերանսի շրջանակներում կքննարկվի նաեւ Հայաստանում Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչության բացման հարցը: Վիկի-կոնֆերանսին մասնակցության հայտ է ներկայացրել ինտերնետ-հանրության ավելի քան 200  ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ 2011 թվականին, Yerevan Web Meetings 2011 նախագծի շրաջանակում, Մեդիամաքս-ը Երեւան էր հրավիրել Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկիին: