14:01 | 02.08.12 | Նորություններ | 3124

Orange-ը գրքի մրցույթի մեկնարկով միանում է “Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք” տոնին

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն եւ “Հայ գրքի կենտրոն” ՀԿ-ն այսօր հայտարարել են “Orange Գրքի մրցանակ 2012” մրցույթի մեկնարկի մասին:

Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասել է, որ այս մրցույթի մեկնարկով Orange-ը միանում է գրքի եւ ընթերցանության տոնին, քանի որ Երեւանն այս տարի հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Նրա խոսքով, մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները եւ դրանք հասանելի դարձնել էլեկտրոնային մեդիայի միջոցով:

“Հայ գրքի կենտրոն” ՀԿ նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանն էլ ասել է, որ ակնկալվում են մասնակիցներ ոչ միայն Երեւանից, այլեւ ՀՀ մարզերից եւ Սփյուռքից:

“Ստեղծագործություններն ընդունվում են 4 ժանրերում` վեպ, պատմվածք, հեքիաթ, պոեզիա (բանաստեղծություն կամ բանաստեղծությունների շարք), արեւելահայերենով եւ արեւմտահայերենով: Յուրաքանչյուր ժանրի հաղթողը կստանա իր գործը 500 տպաքանակով հրատարակելու հնարավորություն եւ 500 հազ. դրամ պարգեւ”,-տեղեկացրել է նա:

Մաթեւոսյանը նաեւ նշել է, որ այս տարի մրցույթում ավելացել է “Ժողովրդական մրցանակ” անվանակարգը, որի հաղթողը որոշվելու է Facebook սոցիալական ցանցում քվեարկության միջոցով, այս անվանակարգի հաղթողը եւս ստանալու է ստեղծագործությունը 500 տպաքանակով հրատարակելու հնարավորություն:

Գրքի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 15-ը հայերեն լեզվով գրված ստեղծագործությունը կամ համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով:

Լավագույն աշխատանքներն ընտրվելու են մրցույթի ժյուրիի կողմից, որի անդամների կազմում են խմբագիրներ, լրագրողներ եւ գրաքննադատներ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչեւ փետրվարի 14-ը: